«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իսպանացի խորհրդականներից և լրագրողներից բաղկացած մոտ 25 հոգանոց պատվիրակությունն արդեն երկու օր է՝ Հայաստանում է։ Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ իրենք՝ որպես դիտորդներ, ժամանել են Հայաստան՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու և միջազգային հանրությանը կոչ անելու ջանքեր ներդնել խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար։

Իսպանիայի պատվիրակությունը երեկ մեկնել էր Գորիս, և Ինյառիտուն մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս երկու օրերի ընթացքում հասցրել են հանդիպել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, պատերազմի պատճառով Հայաստանում ապաստանած արցախցիներին, բժիշկներին, ինչպես նաև ՀՀ խորհրդարանի անդամներին և իշխանության ներկայացուցիչներին: Ավելին, պատգամավորը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, թե առաջիկա օրերին նաև մտադրություն ունեն Արցախ մեկնելու և տեղում իրավիճակին ծանոթանալու:

Հիշեցնենք, որ Ջոն Ինյարիտուն իր գործընկերների հետ միասին պատերազմի առաջին իսկ օրերից դատապարտել է Ադրբեջանի գործողությունները, մասնակցել հայերի կազմակերպած բողոքի ակցիաներին: Կոնգրեսում ելույթ ունենալով՝ նա նշել էր. «Թուրքիան, որը ներգրավված է Միջերկրականի, Կովկասի և Միջին Արևելքի մշտական հակամարտություններում, միացել է Ադրբեջանին Արցախի խաղաղ բնակչությանը հրետակոծելու նպատակով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: