Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի մուտքի կամարների մոտ սև ժապավեն է ամրացված, վրան գրված է` «Արսեն 19»:

Ես ուղեւորվում եմ Արսենենց տուն, ինձ դիմավորում է Սուսաննան՝ Արսենի հորեղբոր աղջիկը։ Բարձրանում ենք տան երկրորդ հարկ, ասում է, որ ներքևում շատ մարդիկ կան և կխանգարեն մեր զրույցին:

Սենյակում մութ է, լամպը փչացել է, չեն հասցրել փոխել։ Ներս է մտնում Արսենի զույգ եղբայրը՝ Արմենը։ Նա Արցախում վիրավորվել է: Մոտենում է, բարևում ու նստում իմ դիմաց, ապա հանձնարարում, որ փոխեն լամպը։ Լուսավորված սենյակում նկատում եմ սրբապատկերները։ Սուսաննան վերցնում է մոմերի մի փունջ ու վառում սրբապատկերների առաջ։

Ասում է, որ պատերազմի սկսվելուց ի վեր ամեն օր մոմ է վառում ու աղոթում, որ այս մղձավանջը շուտ ավարտվի: Արմենը բարձրահասակ, գեղեցկադեմ տղա է, 19 տարեկան, բայց արդեն հասցրել է շատ բան տեսնել ու զգալ։

Արմեն և Արսեն Գեղամյանները ծառայել են Արցախի հարավում գտնվող զորամասում, զինվորական մեքենա են վարել։ Պատերազմի ժամանակ գտնվել են Արցախի հարավային հատվածում:

«Կիրակի առավոտ մեզ շուտ արթնացրին, հրամանատարը հանկարծակի գոռաց` դիվիզիո’ն, թաքստո’ց։ Մեզ թվաց՝ ուսումնական ա, բայց նայեցինք վերև ու տեսանք, որ վերևում թռչող սարքեր կան։ էդ ժամանակ ՀՕՊ-ը կարողացավ մի 7 հատ խփել: Մենք զենք-զինամթերք վերցրինք ու շարժվեցինք դեպի Արցախի հարավ»,-սկսում է պատմել Արմենը:

Որոշ ժամանակ նույն տարածքում ծանր մարտեր վարելուց հետո հրաման է տրվում տեղափոխվել այլ հատված։ Դա հոկտեմբերի 10-ին էր։ Արմենը վարում է մեքենան:

«Տարածքը, որտեղով մենք էինք անցնում, ամբողջությամբ հարթավայր էր, ու եթե թշնամին մեզ թիրախավորեր, ոչ մի թաքստոց չկար, որ մտնեինք, ոչ էլ՝ սարեր: Մեքենայի մեջ 4 հոգի հետևում էին նստած, իսկ ես ու հրանոթի հրամանատարը դիմացը: Տղերքի մասին մտածելով՝ մինչև 100 կմ/ժամ արագությամբ վարել եմ մեքենան»,- շարունակում է Արմենը:

Երբ հասնում են տեղ, թշնամին հարձակում է գործում։ Արմենը վիրավորվում է:

«Ֆշշոց եկավ, ուղիղ ընկավ կողքի ավտոմեքենայի վրա: Ես էդտեղ վիրավորվեցի: Տղերքից շատերը մեքենայի մեջ վառվեցին, մեկի ոտքն էր ջարդվել, մյուսի՝ թևը: Կարողացա ոմանց օգնել, դուռը ջարդեցի ու ոմանց կրակից հանեցի,- պատմում է նա:

Բեկորաֆուգասային արկի հարվածին հաջորդում է սմերչով հարձակումը, այդ ժամանակ Արմենին օգնելու է գալիս եղբայրը` Արսենը:

«Սմերչով կրակեցին, բայց բախտներս բերեց՝ սմերչը ընկավ ու չպայթեց»,- հոկտեմբերի 10-ի դրվագները վերհիշում է Արմենը:

Եղբոր օգնությամբ հասնում են Ստեփանակերտ, որտեղ առաջին բուժօգնությունն է ստանում: Անցնում են օրեր, Արմենը ամեն օր սպասում է, որ ապաքինվի ու վերադառնա մարտադաշտ՝ եղբոր և զինակից ընկերների մոտ, բայց հոկտեմբերի 14-ին ամեն ինչ գլխիվայր է շուռ գալիս…

«Եկավ չարաբաստիկ ամսի 14ը, գյուղից զանգ եմ ստանում, ասում են, որ լուրեր կան, որ եղբորս մեքենան պայթեցրել են, ու ինքը մեջն է մնացել: Անջատում եմ ու զանգում տղերքին, իրենցից ոչ մեկ տեղյակ չէր: Հետո իմանում եմ, որ կան զոհեր ու վիրավորներ»:

Արմենը խնդրում է իրեն հայտնել զոհվածների և վիրավորների անունները ու պարզվում է, որ եղբոր անունը չկա վիրավորների ցուցակում:

«Պարզվում է, որ թշնամին սմերչ է կիրառել ու կասետային ռումբ: Զանգում է հրամանատարը ու ասում՝ ցավակցում եմ»:

Արմենն իր ապրումների մասին շատ չի խոսում, ասում է, որ լուրը ցնցել է իրեն, քայլերը դարձել են անկառավարելի, իսկ նյարդերը վերահսկել չի կարողացել…

Օրեր առաջ Արմենն ազատվել է ծառայությունից` որպես տան միակ արու զավակ, և որ եղբորը կորցրել է մարտի դաշտում:

Զրույցի թեման փոքր-ինչ շեղում ենք, ասում է, որ պատերազմի դաշտում, չնայած վտանգին, ուրախ պահեր են եղել.

«Ես շատ եմ կարոտել, մեր հեչ պետքին էլ չէր, էն որ զենքը ընկնում էր մեր կողքին ու ապրելու հավանականությունը 0,001 տոկոսի էր հասնում, բայց որ էդքան էլ լինում էր, էլի ուրախ էինք: Պատերազմի սկսվելու առաջին օրերին մեր մոտ սննդի մատակարարման դժվարություն կար, բայց դա էլ մեզ չէր խանգարում, կարող էինք օրեր շարունակ առանց հացուջրի կռվել»:

Զարմացած հարցրի` որտեղի՞ց իրենց այդքան ուժ։ «Երբ դու մտածում ես, որ քեզնից լիքը տղու կյանքա կախված, երբ լիքը մարդկանց կյանք կարաս դու փրկես, հաստատ չես հոգնի»,- ասում է Արմենը՝ հավելելով, որ նորից կուզենար վերադառնալ մարտադաշտ, եթե եղբորը չկորցներ…

Լիլիթ Խլղաթյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
3-րդ կուրս

Լուսանկարում՝ աջից՝ Արսեն Գեղամյանը, Արմեն Գեղամյանը