Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թշնամու «ճշմարտությունը»․


Օրերս ծանոթներից մեկը ահաբեկված խոսում էր մի տեսանյութի մասին, որտեղ իբրև թե ադրբեջանցիները ցույց են տալիս գերեվարված հայ երիտասարդ աղջկա։ Խնդրեցի ցույց տալ տեսանյութը։ Պարզվեց՝ նախկինում եթեր հեռարձակված հարցազրույց է, որտեղ հայ աղջիկը հպարտորեն խոսում է իր զինվորական կյանքի մասին, իսկ ադրբեջանական քարոզչամեքենան դա թարգմանել էր իր երևակայությանը համապատասխան՝ հայ աղջկան ներկայացնելով որպես գերի և այդկերպ խուճապ տարածելով բազմաթիվ հայ կանանց շրջանում։


Անկախ նրանից՝ մենք հավատում ենք մեր պաշտոնյաների ասածներին, թե չէ, պետք է մեկ կարևոր փաստ հաշվի առնենք՝ թշնամու «ճշմարտությունը» երբեք հավաստի չէ։ Տեղեկատվական հոգեբանական գրոհները պատերազմի ամենակարևոր ուղղություններից մեկն են, որոնց վրա աշխատում են առանձին վաշտեր։


Երբ «ճշմարտությունը իմանալու համար» հաճախ մտնում եք ադրբեջանական կայքէջեր կամ սոցիալական հարթակներ ու դիտում նրանց հրապարակած տեսանյութերը, երբեմն ուշադրություն դարձրեք՝ գուցե նույն այդ կադրերը տեսե՞լ եք նաև 1-2 շաբաթ առաջ։
Մատուցվող տեղեկություններին գրագետ մոտենալը կարևոր է պատերազմի ժամանակ, նույնիսկ եթե թիկունքում ես»։