Վերջին օրերին լարվել են Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի (ՀԺԿ) և Արդարություն և Զարգացում կուսակցության (ԱԶԿ) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարաբերությունները: Ինչպես հաղորդում է ՀԺԿ պաշտոնական կայքէջը, նոյեմբերի 3-ին Թուրքիայի Հանրապետության Ազգային ժողովի ՀԺ կուսակցության անդամների նիստին Քըլըչդարօղլուն հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է Իզմիրի երկրաշարժին՝ առաջ քաշելով մի շարք փաստեր:

«2020 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հավաքված «հատուկ հաղորդակցության հարկը» կազմել է շուրջ 35 մլն դոլար: Այդ գումարով կարող էիք և՛ Ստամբուլի, և՛ Իզմիրի երկրաշարժի ռիսկը հասցնել մինիմալի: Որտե՞ղ են ծախսվել այդ գումարները» -նշել է Քըլըչդարօղլուն:

Ի պատասխան Քըլըչդարօղլուի, ԱԶ կուսակցության նահանգապետների հետ ընդլայնված համաժողովում Էրդողանը նշել է. «Եթե մի բանի մասին չգիտես, լռի՛ր: Լռիր, որ քեզ մարդու տեղ դնեն»:

ՀԺ կուսակցությունը Թուրքիայի Ազգային ժողովում պատգամավորների քանակով երկրորդն է, 2019 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ նրա անդամներին հաջողվեց ստանձնել Թուրքիայի Հանրապետության 6 մեծ քաղաքներից 5-ի քաղաքապետի պաշտոնը: