Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախցի Ռաֆիկը իմ հանդիպած ամենահետաքրքիր մարդկանցից մեկն է: Ռաֆիկի երկու որդիները առաջնագծում են, կինը, հարսներն ու թոռները Երևանում են, բայց ինքը մնում է իր գյուղում, իր տան մեջ և գիշերները գյուղում մնացած մյուս տարիքավորների հետ զինված պարեկություն է անում՝ որպեսզի դիվերսանտները գյուղ չմտնեն:


Առաջին պատերազմին ինքն է մասնակցել, վիրավորվել, իսկ հիմա որդիներն են իրենց կյանքը դրել, որ պաշտպանեն մեր հայրենիքը: Ասում է, որ ոչ մի բանից չի վախենում, միայն եթե որդիները մի օր չեն զանգում, սիրտը արագ է խփում:
Խորհրդային տարիներին Ռաֆիկը 30 տարի շարունակ վարորդ է աշխատել, իսկ առաջին պատերազմից հետո մինչև հիմա զբաղվում է գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ: Չնայած մեր տարիքային կրկնակի տարբերությանը՝ ես 34, ինքը՝ 70, մենք արագ ընկերացանք ու երկար զրուցեցինք աշխարհի բոլոր հնարավոր ու անհնար թեմաներից:


Որոշել ենք, որ պատերազմի ավարտից հետո գյուղի իրենց տանը յոթ օր յոթ գիշեր քեֆ ենք անելու և որդիների, հարսների, թոռների, ընկերների հետ միասին նշելու ենք մեր հաղթանակը»: