Ամերիկյան մի քանի խոշոր հեռուստաընկերություններ ընդհատել են Սպիտակ տնից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի հեռարձակումը։ Այս մասին գրում են The Verge-ն ու The Washington Post-ը։ Այսպես, ըստ հրապարակման NBC, ABC եւ CBS հեռուստաընկերությունները սկսել են հեռարձակել նախագահ Թրամփի ասուլիսը, որը ընթանում էր Սպիտակ տանը, իսկ հետո դադարեցրել են հեռարձակումը։

Նույն բանն արել է նաեւ MSNBC-ն, որը NBC-ի մաս է կազմում։ MSNBC –ի հաղորդավար Բրայան Վիլյամսը հայտարարել է․ «Մենք գտնվում ենք կրկին անսովոր իրավիճակում, ոչ միայն ընդհատում ենք ԱՄՆ նախագահին, այլ նաեւ ուղղում նրան»։ «Այն ինչ ասում է ԱՄՆ նախագահը հիմնականում չի համապատասխանում իրականությանը»,- գրել է իր թվիթերյան էջում NCBC-ի հաղորդավար Շեփարդ Սմիթը։

CNN-ի հաղորդավար Ջեյք Տապպերն էլ գրել է, որ Թրամփի հայտարարությունը, որ իր հակառակորդները ցանկանում են գողանալ ընտրությունները, պարզապես սուտ է։ FOX News-ում Թրամփի հայտարարությունները որակել են անհիմն, իսկ NBC-ի աշխատակից Լեսթեր Հոլթն էլ հայտարարել է, որ իրենք ստիպված են ընդհատել հեռարձակումը, քանի որ նախագահը մի շարք կեղծ հայտարարություններ է արել, ներառյալ նաեւ՝ քվեարկության մասին։