Հոկտեմբերի 23-ին թեժ մարտերում զոհվել է պահեստազորային 44-ամյա Հայրապետյան Շահենը, նա Արցախի Մարտունի քաղաքից էր։ Ամուսնացած էր, ուներ 3 անչափահաս երեխա։ Նրա զոհվելուց հետո կինը եկել է Հայաստան՝ ավելի վաղ Երեւան տեղափոխված երեխաների մոտ։

Ընտանիքն այժմ ապրում է կնոջ՝ Մանուշակի քրոջ փոքրիկ բնակարանում։

«Հիմա քրջոս տանն եմ մնում հոկտեմբերի 24-ից, բայց 3 անչափահաս երեխաներն ավելի շուտ էին եկել Երեւան։ Տուն ենք ման գալիս, որ առանձին ապրենք, մեկ սենյականոցի մեջ ենք, իրենք էլ են վարձով։ Ես այդ օրը աշխատում էի, Արցախի Մարտունիի հոսպիտալում բուժքույր եմ աշխատել, ավելի շուտ ամուսինս երեխեքիս ու մամայիս ուղարկել էր Երեւան, որ ամուսինս զոհվեց, ես էլ եկա Երեւան»,-նշեց կինը։

Այստեղ որեւէ գործ, եկամտի աղբյուր չունեն, տիկին Մանուշակը չի դժգոհում, խնդիրը միայն կեցավայրն է․ «Բնակարանը որ գտնենք, այդ էլ հերիք է։ 2 օր է ման ենք գալիս, չկա ոչ մի տեղ»։

Պատերազմի ավարտից հետո պատրաստվում են վերադառնալ իրենց բնակավայր․ «Ես այնտեղ աշխատանքից ազատված չեմ, ուղղակի ամուսինս, որ զոհվեց, եկա։ Կարգավորվի՝ ետ կվերադառնանք։ Վերադառնալու ենք, հիմա էրեխեքիս օգնելու համար եմ եկել։ Իրենք ոչ դպրոց,ոչ մի տեղ այստեղ չեն հաճախում»։