Ջրաքիսների նոր կորնավիրուսով վարակվելու դեպքեր են գրանցվել Հոլանդիայում, Իսպանիայում,Իտալիայում և ԱՄՆ-ում: Այս մասին հայտնում է ТАСС -ը, հղում անելով ԱՀԿ-ին:

Փորձագետները նշում են, որ կորոնավիրուսը հիմնականում փոխանցվում է մարդուց մարդուն սերտ շփման ճանապարհով: Սակայն արձանագրվել են մարդուց կենդանուն վիրուսի փոխանցման դեպքեր:Ինչպես հայտնում է ԱՀԿ-ն, ջրաքիսները կորոնավիրուսով վարակվել են մարդկանցից: Նաև կենդանիների միջև է վիրուսը տարածվում և սա վտանգ է ներկայացնում մարդկանց համար:

Նոյեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ Դանիայի բնակիչները մասսայաբար վարակվել են կորոնավիրուսով ջրաքիսներից: Հունիսի 8-ից մինչև հոկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է ջրաքիսներից վարակվելու 214 դեպք: Դանիայում նախատեսում են ոչնչացնել 17 մլն ջրաքիսների, որոնց մոտ հայտնաբերվել է վիրուսի վտանգավոր շտամ և այն փոխանցվել է 12 մարդու:

Ավելի վաղ Դանիայի կառավարությունը հայտարարել էր Հյուսիսային Յուտլանդիան փակելու մասին , բնակիչներին արգելվել է լքել շրջանի տարածքը, որպեսզի հնարավոր լինի կանխել ջրաքիսների մոտ հայտնաբերված կորոնավիրուսի տարածումը: Այսօրվանից Դանիայում փակվում են ռեստորանները, սրճարանները, փաբերը: Ինչպես նաև դադարեցվում է հանրային տրանսպորտի աշխատանքը: Իսկ նոյեմբերի 9-ից դպրոցների 5-8-րդ դասարանները և ԲՈԻՀ-երն անցնում են հեռավար ուսուցման:

ԱՀԿ-ն հաստատել է, որ ջրաքիսները կորոնավիրուսի նկատմամբ ընկալունակ են, ինչն այդ կենդանիներին վտանգավոր է դարձնում մարդկանց համար:

ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Կետրին Սմոլվուդը նշել է, որ ջրաքիսները կարող են դառնալ վիրուսի տարածողներ: Ջրաքիսների մոտ հայտնաբերված վիրուսը , որը փոխանցվում է մարդկանց, թուլացնում է օրգանիզմի հակամարմին ձևավորելու կարողությունը: