Lragir.am-ը գրում է. 

Շուշիի շրջակայքում մարտերը շարունակվում են, վերջ տվեք անհարկի քննարկումներին, ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Հայաստանում անհարկի քննարկումները սակայն վերջ չունեն, ավելին՝ դրանք ծավալվում են բավականին լայն թափով: Ընդ որում, այդ քննարկումների «գրոհային» ուղղություններն ու բնույթը ամենատարբեր են՝ խուճապ տարածող կամա թե ակամա գործողություններից, մինչեւ անհարկի ոգեւորության քայլեր, որոնք առաջացնում են չափազանցված սպասումներ եւ որպես կանոն «ընկնում» չարդարանալու առաջին իսկ պահից:

Դրան զուգահեռ ծավալվում է նաեւ պատերազմապատումների մի շղթա, որը մի կողմից խթանում է հանրային ամուր տրամադրություն, մյուս կողմից սակայն առաջացնում հարցեր: Հարցեր այն իմաստով, որ Թուրքիայի սանձազերծած ռեգիոնալ պատերազմը Հայաստանի հանրային դիսկուրսում արժանանում է կամ անհարկի խուճապի, կամ անհարկի ոգեւորության, եւ կամ պատերազմապատումի ժանրի, այն դեպքում, երբ գործ ունենք աննախադեպ բնույթի եւ տրամաբանության գործընթացի հետ: Մենք գործ ունենք մանրակրկիտ մշակված, թե աշխարհագրորեն, թե աշխարհաքաղաքականորեն դետալային պատրաստություն անցած պատերազմական պլանի հետ:

Այդ ընթացքում խոշոր հաշվով ռացիոնալ աշխատանքով զբաղված է հայկական զինուժը, որը լուծում է թշնամու չեզոքացման մարտավարական խնդիրներ, միաժամանակ զբաղված է ռեգիոնալ եւ միջազգային անվտանգության համակարգի վերաձեւման վճռորոշ փուլում հայկական սուբյեկտության ապահովմամբ, բացառիկ դերով:

Հատկանշական է այդ ֆոնին արցախցի քաղաքագետ Հրաչյա Արզումանյանի դիտարկումը, որ հայկական քաղաքական դասը պետք է հանգիստ թողնի բանակին եւ չմիջամտի զինվորականների գործին: Այստեղ կա ոչ միայն զուտ մասնագիտական տարանջատման խնդիր, այլ ավելի խորքային շերտեր պարունակող դիտարկում:

Բանն այն է, որ հայկական քաղաքական, հասարակական-քաղաքական դասը ոչ միայն պետք է զերծ մնա ուղիղ միջամտությունից, այլ նաեւ անուղղակի: Իսկ անուղղակի միջամտությունը հենց անհարկի խուճապ կամ ոգեւորություն, կամ անհամաչափ պատերազմապատումայնություն պարունակող քննարկումներ են, որոնք թիկունքի քաղաքական բովանդակությունը դարձնում են պատերազմի աշխարհաքաղաքական բնույթին ոչ համարժեք:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում