Այսօր Եվրոպական միությունը հայտնել է Հայաստանի կառավարությանը ՔՈՎԻԴ-19 համավարակի արձագանքմանը աջակցելու նպատակով Հայաստանին 35.6 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու մասին։

Տրամադրված աջակցության վերաբերյալ հայտարարության ամբողջական տեքստը ստորեւ.

«Եվրոպական միությունը տրամադրում է ավելի քան 35 մլն. եվրոյի դրամաշնորհ՝ ուղղված Հայաստանում ՔՈՎԻԴ-19 համավարակի հետեւանքների չեզոքացմանը

Այսօր Եվրոպական միությունը հայտնել է Հայաստանի կառավարությանը ՔՈՎԻԴ-19 համավարակի արձագանքմանը աջակցելու նպատակով Հայաստանին 35.6 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու մասին։ ԵՄ որոշումը առանձին ոլորտներում, ինչպես նաեւ մակրոտնտեսական կայունության, պետական ֆինանսական կառավարման եւ պետական բյուջեի թափանցիկության բարեփոխումների իրականացման առաջընթացի դրական գնահատանքի արդյունք է:

Այն հանդիսանում է նախորդ տարվա ապրիլին հայտարարված ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք 92 մլն եվրո օժանդակության փաթեթի բաղկացուցիչ մասը, որը ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու նպատակով վերաբաշխվել եւ համալրվել է նոր ֆոնդերով՝ ուղղված մեղմելու համաճարակի՝ հայ ժողովրդի վրա ունեցած հետեւանքները:

Կատարելով ֆինանսական ուղղակի ներդրում՝ ընդգծում եւ աջակցում ենք ՀՀ կառավարության գովելի ջանքերը՝ ուղղված աշխատատեղերի պահպանմանը, ՓՄՁ-ներին աջակցությանը, ինչպես նաեւ ՔՈՎԻԴ-19 համավարակից առավել տուժած անձանց համար առողջապահական եւ սոցիալական հիմնարար ծառայությունների ապահովմանը: Այսօր հայտարարված աջակցությունը տրամադրվում է ի լրումն ՔՀԿ-ների եւ եվրոպական ֆինանսական հաստատությունների միջոցով տրամադրվող աջակցության այլ գործիքներին՝ ուղղված խոցելի տնային տնտեսություններին եւ տնտեսավարողներին օժանդակությանը:

«Այսօր, երբ աշխարհն առերեսվում է ՔՈՎԻԴ-19 համավարակի հետեւանքով ստեղծված բազմաշերտ ճգնաժամին, մենք բարձր ենք գնահատում ԵՄ աջակցությունն՝ ուղղած Հայաստանում համաճարակի սոցիալ-տնտեսական հետեւանքների լուծմանը: Այս պատեհաժամ հատկացումը Եվրամիության հետ մեր արդյունավետ համագործակցության դրսեւորումն է, եւ ես համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կբարձրացնենք ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի նկատմամբ Հայաստանի դիմակայունությունը», նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Այս ուղղակի բյուջետային աջակցության հատկացումը Հայաստանում ՔՈՎԻԴ -19-ի դեմ պայքարի ուղղությամբ ԵՄ-ի եւ իր քաղաքացիների կուռ նվիրվածության եւս մեկ շոշափելի ապացույցն է: Եվրոպական միությունն ու իր անդամ պետությունները նպաստում են Հայաստանի առողջապահական համակարգի ամրապնդմանը եւ ՔՈՎԻԴ-19-ի հետեւանքով առաջացած հրատապ հումանիտար եւ տնտեսական հետեւանքների հակազդմանը: Մենք կիսում ենք մարտահրավերը եւ միայն միասնաբար կկարողանանք հասնել հաջողության»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ն.Գ․ Անդրեա Վիկտորինը։

ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ եւ նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։ Այն համատեղում է ԵՄ-ի, նրա անդամ պետությունների եւ եվրոպական ֆինանսական հաստատությունների ռեսուրսները` աջակցելու գործընկեր երկրներին, ինչպես նաեւ արձագանքելու նրանց կարճաժամկետ կարիքներին եւ հասարակության ու տնտեսության վրա երկարաժամկետ կառուցվածքային ազդեցություններին: