Lragir.am-ը գրում է. 

Թուրք-ահաբեկչական ստորաբաժանումները շարունակում են Շուշին գրավելու համառ փորձը, հայկական զինուժը շարունակում է դրանց ոչնչացումը՝ պաշտպանելով Շուշին եւ հայկական անվտանգային համակարգը:

Բաքվի ղեկավար Ալիեւը հայտարարել է, որ Շուշին իրենցն է, հայտարարել է այն պարագայում, երբ Շուշիի համար ընթանում են համառ մարտեր: Ինչու՞ է շտապել Ալիեւը, ինչու՞ չի կարողացել համբերել: Որովհետեւ լուծում է դրոշի հա՞րց, իրենց ազգային դրոշի օր կոչվածին ընդառաջ, որն ասում են, թե նոյեմբերի 9-ին է: Այդ դեպքում ինչու՞ նա չսպասեց հենց 9-ին: Ինչու՞ է Ալիեւն «առաջ ընկել» իր զինուժից: Թե՞ պատճառն այն է, որ դա այլեւս վաղուց Ալիեւի զինուժը չէ: Ալիեւին մնացել է, կամ թողել են Բաքուն, առայժմ:

Բաքուն լինելու է այս պատերազմում Թուրքիայի ռազմավարական ձեռքբերումը, դա է նրա խնդիրը, իսկ հարավում առաջխաղացումը Թուրքիան դիտարկում է սակարկության առարկա, այն դեպքի համար, երբ պատերազմն ավարտվի առանց որեւէ ռազմավարական հաջողության, եւ Թուրքիայի համար ռազմավարական միակ ձեռքբերումը լինի Բաքուն:

Երբ հայտարարվում է այն մասին, որ հայկական ուժերը տիրապետում են նախաձեռնությանն ու վերահսկում իրադրությունը, հաճախ դա ընկալվում է ընթացիկ ռազմաճակատային զարգացումների համատեքստում: Խնդիրը սակայն այն է, որ գործ ունենք ռեգիոնալ լայն ռազմա-քաղաքական համատեքստ ու շրջանակ պարունակող պատերազմի հետ: Այսինքն, պատերազմը լոկ արցախյան գոտում չէ, պատերազմը ամբողջ Կովկասում է, ինչի վառ վկայությունը Իրանի որոշումն է հյուսիսային սահմանին մեծ քանակի ռազմուժ տեղակայելու վերաբերյալ:

Պատերազմի տարածությունը չի սահմանափակվում արցախյան գոտով, եւ ամենեւին չի սահմանափակվում սեպտեմբերի 27-ով: Այս պատերազմը Թուրքիան սկսել է ավելի վաղ՝ պլանավորումից սկսած: Եվ այդ իմաստով, այս պատերազմում հայկական ուժերի ռազմավարական նշանակության առաջին ձեռքբերումը Տավուշի հուլիսյան մարտերն ու Թովուզի ուղղությամբ դիրքերի ձեռքբերումն ու ամրապնդումն էր: Դրա ռազմավարական նշանակության մասին է խոսում այն, որ այդ իրողությունները հանգեցնում էին Բաքվում իշխանափոխության, եթե չհասներ Թուրքիան:

Մարտական գործողությունների, սանձազերծված պատերազմի անմիջական գոտուց որոշակի թե ժամանակային, թե տարածական հեռավորություն ունեցող այդ ուղղությունն իրականում անմիջական ռազմավարական ազդեցություն ունի ընթացող պատերազմի վրա, ինչի համար բավական է նայել քարտեզին:

Թուրքիան փորձում է Շուշիում փոխել հարաբերակցությունը, որովհետեւ եթե դա չի ստացվում, ապա տապալված է պատերազմական ամբողջ արկածախնդրությունը: Հայկական զինուժը այժմ զբաղված է այդ տապալումը կազմակերպելով:

Նյութի աղբյուր՝ lragir.am