Նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ու պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը Բաքվում էր։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նրանց հանդիպումից և բուն քննարկումներից շատ բան հայտնի չէ, սակայն հրապարակված լուսանկարներից և տեսանյութերից կարելի է ենթադրել, որ թուրքական կողմը բավական ներկայացուցչական կազմով էր Բաքվում։ Հանդիպմանը, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարից զատ, մասնակցել են Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Ումիթ Դյունդարը, ինչպես նաև թուրքական ռազմաօդային ուժերի գեներալ, անօդաչու սարքերի մասնագետ, օդային լոգիստիկայի նախկին ղեկավար Գյոքսել Քահյան։ Հետաքրքիրն այն է, որ վերջինի թիմը Լիբիայում իրականացվող գործողությունների ժամանակ ստեղծել է անօդաչուների, այսպես ասած, կառավարման կենտրոն՝ Ազգային համաձայնության կառավարության զորքերին աջակցելու համար։ Դեռևս օգոստոսին Թուրքիայի պաշտպանության նախարար Աքարի՝ Բաքու կատարած այցի ընթացքում Քահյան դարձյալ պատվիրակության կազմում մասնակցում էր Ալիևի հետ հանդիպմանը։ Բացառված չէ, որ անօդաչուների գործողության մի կենտրոն էլ Քահյան ստեղծել է Ադրբեջանում։ Նշենք, որ ադրբեջանական կողմից, ըստ լուսանկարների, հանդիպմանը մասնակցել են նախագահ Իլհամ Ալիևը, արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, ռազմական թևից՝ միայն պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Էմմա Չոբանյան