Lragir.am-ը գրում է. ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հայտարարության պաշտոնական տեքստը եւ մեկնաբանություն թողել. «որպեսզի սպեկուլյացիաներ չլինեն կարգավիճակի եւ խաղաղապահների կազմի վերաբերյալ»:

Ավելի վաղ նա ասել էր. «Ես տեսել եմ, որ համացանցում տարածվում են տեքստեր (իբր հայտարարությունը): Դրանք մոտ են ճշմարտությանը, սակայն լիարժեք հաստատել չեմ կարող: Մոտ ժամանակներս կհրապարակվի հայտարարությունը եւ կտարածվի միջազգային հարթակներում»,ասել է նա:

Խնդիրն այն է, որ երեկ Ալիեւը Պուտինի հետ տեսակոնֆերանսի ժամանակ վստահ պնդում էր, որ դա լինելու է թուրք-ռուսական համատեղ խաղաղապահ առաքելություն, եւ Բաքվի հրապարակած հայտարարության տեքստում էլ դա հստակ արձանագրված էր: Միեւնույն ժամանակ, Ղարաբաղի կարգավիճակի մասին իսկապես ոչ մի տարբերակում չի նշվում:

Խաղաղապահ օպերացիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական է, հնարավոր են միայն Թուրքիայի հետ գործողությունները համաձայնեցնելու տարրեր, հայտարարել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Կոսաչյովը: «Պարոն Ալիեւի հայտարարության մեջ մենք Թուրքիային ուղղված որոշակի ուղերձներ տեսանք, որ դա համատեղ օպերացիա է լինելու: Ուշադիր կարդանք ինչպես եռակողմ հայտարարությունը, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության նախագահի ներկայացրած տեքստը. այնտեղ խոսքը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մասին է», ասել է Կոսաչյովը:

«Այո, կողմերի գործողությունների համաձայնեցման որոշակի տարրեր գուցե հնարավոր են: Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի ներկայության բուն փաստն անտեսել հնարավոր չէ: Բայց կրկնեմ` օպերացիան ռուսական է, օպերացիան խաղաղապահ է, օպերացիան իրականացվում է Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությամբ», հավելել է սենատորը, ասելով, որ Ադրբեջանը պատրաստակամ է կատարել իր մասով համաձայնությունը, իսկ Հայաստանի հարցում չկա հանրային կոնսենսուս:

Ի՞նչ է կատարվում: Ռուսական կողմը չի հերքում եւ չի հաստատում Ալիեւի պնդումը, միեւնույն ժամանակ, արդյոք Հայաստանին փորձում են հարկադրել հրաժարվել կարգավիճակից՝ թուրք խաղաղապահների «դիմաց»: Հայաստանը պնդե՞լ է կարգավիճակի հարցը:

Երեկ երեք ղեկավարների հայտարարությունից շատ առաջ արդեն խաղաղապահների շարասյունը Հայաստանից շարժվում էր Ղարաբաղ: Երասխի մոտ շարասյանն ուղեկցող ռուսական ուղղաթիռը խոցվեց Նախիջեւանից, ադրբեջանցիների կողմից: Բաքուն անմիջապես ընդունեց մեղքը, հայտարարելով, թե այդ քայլին մարտական հաշվարկը գնացել է հայերի հնարավոր սադրանքների պայմաններում լարված իրավիճակից, սխալմունք է եղել, ներողություն խնդրելով եւ պատրաստակամություն հայտնելով փոխհատուցել զոհվածների ընտանիքներին: Մոսկվայում գոհունակություն էին հայտնել Բաքվի արձագանքից:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում