ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ խաղաղապահների գործառույթները պետք է հստակեցվեն, քանի որ դրանց մասին խոսք չկա երեք ղեկավարների հայտարարությունում: Նրա խոսքով, խոսք չկա տարածաշրջանում ռուս խաղաղապահների կողմից մշակութային ու կրոնական վայրերի պաշտպանության մասին: «Եվ այստեղ ես չեմ կարող ասել՝ դա իրենց պարտականությունների մաս կլինի՞, թե ոչ», ասել է խոսնակը:

Ի՞նչ է նա ակնարկում, դժվար է ասել, սակայն հարցն իսկապես կարեւոր է, նկատի ունենալով վանդալիզմի մշակույթը, որ խիստ տարածված է ադրբեջանցիների մոտ:

Միեւնույն ժամանակ, մշակութային եւ կրոնական վայրերի իմաստով հատկապես առանցքային են օրինակ փաստաթղթով ադրբեջանցիների վերահսկողության տակ անցնող Շուշին իր եզակի ճարտարապետական դեմքով ու Ղազանչեցոց եկեղեցով, ինչպես նաեւ Դադիվանքը Քարվաճառում:

Ըստ այդմ, իրապես առաջանում է դրանց պահպանության հարցը, եւ դրա ապահովման այլ մեխանիզմ, քան խաղաղապահներն են, կարող էր լինել միայն հայկական զինուժը: Եթե հայկական զինուժը Շուշիում չէ, եւ եթե ըստ համաձայնագրի այն դուրս է գալու Քարվաճառից՝ եթե Հայաստանին չհաջողվի մնացյալ օրերի ընթացքում հասնել այդ պայմանների բեկման, ապա այս դեպքում պահպանության մեխանիզմ կարող է մնալ միայն ռուսական խաղաղապահների ներկայությունը Շուշիում եւ Քարվաճառում:

Մշակութային եւ կրոնական հուշարձանների պահպանության հարցը պետք է լինի ոչ միայն եռակողմ, այլ նաեւ միջազգային կառույցների օրակարգում: Նրանք եւս պետք է աջակցեն հասնելու նրան, որ խաղաղապահների գործառույթը ներառի նաեւ այդ հուշարձանների պահպանությունը, օրինակ Շուշիում եւ Քարվաճառում:

Աղբյուր՝ www.lragir.am