ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն ինչ անում են 17 պլյուս/ մինուս կուսակցությունները ակնհայտորեն Հայաստան պետության հիմնահատակ կազմաքանդումն է, նրա կենսագործունեությունն ապահովող կարևորագույն օրգանների լիակատար պարալիզացումը:


Կարծում եմ՝ սա թույլ չտալու համար Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության ադեկվատ և բանիմաց սակավաթիվ հատվածը պետք է դուրս գա «ընդհատակից» և ԱԺ բաց, իսկ եթե կուզեք, փակ նիստում ամեն ինչ մանրակրկիտ կերպով բացատրի, տեղեկացնի 17 պլյուս/մինուս ուժերին մաս կազմող ԱԺ պատգամավորներին՝ ոչ մի դեպքում թույլ չտալով իրադարձությունների հետագա՝ գահավիժման տանող զարգացումների ընթացքը:


Վարչապետն այս պահին և մոտ ապագայում չի կարող հրաժարական տալ: Դրա համար բազմաթիվ ներքին և արտաքին պատճառեր կան: Դրանցից ամենակարևորն այս պահին միջազգային հանրության կողմից վարչապետ Փաշինյանի՝ որպես Հայաստանի սուբյեկտայնությունը քիչ թե շատ պաշտպանող երկրի առաջնորդի նկատմամբ ունեցած վերաբերմունքն է:


17 պլյուս/մինուս կուսակցությունների վարչապետի անխտիր բոլոր թեկնածուները (Քոչարյան, Վանեցյան և մյուսներ) հայտնի են պետությունն ու պետականությունը կործանելու անվրեպ վարպետությամբ:


Այս իմաստով շատ կարևոր եմ համարում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ Արցախի կարգավորման վերաբերյալ վերջին հայտարարությունը:


Ստեղծված իրավիճակում այդ հայտարարությունը նաև կոչ է Հայաստանին պատերազմի բեռի ծանրությունից ինքզինքը արագորեն վերագտնելու, պետական կառավարման կայունությունը հաստատելու և ապա Արցախի կարգավիճակի վերաբերյալ Մինսկի խմբի շրջանակներում միջազգային գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ համագործակցաբար Հայաստանի և Արցախի համար շահեկան լուծում գտնելու համար»: