Բանաստեղծ Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս իշխանությունները, որ ունեցել են անկախ Հայաստանի պատմության ամենամեծ լեգիտիմությունն ու ամենամեծ հնարավորությունը` հիմք դնելու խորքային բարեփոխումների, երկիրն իրապես հանել անդունդից, կայացնել կառավարման ինստիտուտները, վերականգնել սոցիալական արդարությունը և համարժեք քաղաքական ու իրավական գնահատական տալ նախկին բոլոր խոշոր տրամաչափի հանցագործներին` հիմնականում տապալել են բոլոր ոլորտներում, և հաճախ դա արել են ժողովրդի ակնհայտ պահանջի ու սպասելիքների հակառակի իրագործումով, սրել են ականջահաճո դատարկաբանությունների ու իրական անգործության դիսոնանսով, արել են պատասխանատու պաշտոններում կոմֆորմիստ միջակություններին խրախուսելով, հատուկենտ ուժեղ ու հեռատես կառավրիչներին նսեմացնելվ ու հեռացնելով: Անգամ էս ամենի հետ շարունակել են վայելել մեր խորքային վստահությունն ու հույսը, որ շուտով ուղղվեն՝ մեր խնայողական ու կառուցողական քննադատությունն անտեսելով:

Պատերազմի արդյունքի մասին կարծիքումս զերծ եմ մնում հող հաձնելու, դավաճանելու դիսկուրսից — պարզից էլ պարզ է, որ անգամ խիզախորեն կռված ու անմնացորդ պայքարի մեջ պարտված հրամանատարը պետք է լքի իր դիրքը, նրա շուրջ կոնսոլիդացիա երբեք չի կայանա: Բայց ես չեմ կարծում, թե մենք փողոցային պայքարով իշխանափոխության ռեսուրս, ժամանակ ու շռայլություն ունենք հիմա, մանավանդ, որ բազմաթիվ առողջ ուժեր այս օրերին փողոց դուրս գալու և ժողովրդի հուսահատությունը քաղաքական կապիտալ դարձնելու անպատվաներ գործից զերծ մնացած` լռում են: Իսկ դուրս եկածներն էլ հիմնականում մերժված, անցյալ Հայաստանի դառն ուրվականներն են: Այս պահին մենք երեք հրատապ խնդիր ունենք`

— քաղաքական ցնցումներից խուսափելու համար հայտարարել հրաժարականի օր ու ժամ ենթադրենք կես տարուց և նոր արտահերթ ընտրություններ նշանակելու մասին խոստում տալ: Եթե որևէ կարող ուժ Հայաստանում բովանդակային առաջարկներ ունի, ապա նրա ձայնը պետք է լսելի լինի կառուցողական խորհրդակցություններում:

— Փորձել ստորացուցիչ համաձայնագրի վերանայում կամ գոնե խմբագրում իրականացնել բոլոր հնրավոր դիվանագաիտական գործիքներով, ակնհայտերեն դժգոհ ԱՄՆի ու Ֆրանսիայի լծակներն ակտիվացնելով, օրինակ՝

— կազմակերպել պատերազմի ծանր սոցիալական, առողջապահական, դեմոգրաֆիական, հոգեբանական հետևանքներից տուժածների, փախստականների ու տեղահանվածների բնակհարցի լուծումն այս ամենից հետո կարելի է անցնել հատուկ հանձնաժողովով պատերազմի ընթացքի մանրամասն քննության ու բոլոր մեղավորների պատժման գործին»: