Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսային զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ելիսեյան պալատից հայտնել են, որ զրույցի ժամանակ ֆրանսիացի առաջնորդը պատրաստակամություն է հայտնել նպաստելու հասնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրավիճակի երկարաժամկետ եւ հակամարտության գոտու բոլոր կողմերի համար արդարացի կարգավորմանը։

«Նախագահը գոհունակություն է հայտնել ռազմական գործողությունների դադարեցմամբ, հիշեցրել Հայաստանի եւ նրա ժողովրդի հետ իր բարեկամության մասին, ինչպես նաեւ [հայտարարել] իր պատրաստակամությունը գտնելու Լեռնային Ղարաբաղում բոլոր կողմերի համար արդարացի, երկարաժամկետ եւ ընդունելի քաղաքական լուծում»,- նշված է նախագահական աշխատակազմի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին։ Հրադադարի եւ ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների կատարման վերահսկողության համար Լեռնային Ղարաբաղի տարածք եւ Լաչինի միջանցք է մտցվում ռուսական խաղաղապահ զորակազմ։