Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունից հնարավոր կլիներ խուսափել, եթե կյանքի կոչվեին նախկինում առաջարկված կարգավորման բանաձևերը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


Նա նշել է, որ Բաքուն՝ Թուրքիայի աջակցությամբ հայտարարել է, որ ռազմական մեթոդները՝ ղարաբաղյան խնդրի լուծման համար հնարավոր է համարում, և դրանից ելնելով՝ սկսել է ռազմական գործողություն:


«Դուք գիտեք, որ այդ ռազմական գործողությանը նախորդել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և առաջին հերթին Ռուսաստանի կողմից կարգավորման որոշակի բանաձևեր առաջարկելու երկար տարիների փորձերը։ Այդ բանաձևերը գոյություն ունեին, դրանք հայտնի են միջազգային բանակցային գործընթացի մասնակիցներին, բայց, ցավոք, դրանք չաշխատեցին՝ այս կամ այն պատճառով»,-ասել Է Պեսկովը։
Նրա խոսքով, «եթե այդ բանաձևերը կյանքի կոչվեին նույնիսկ 2 տարի առաջ, ապա, հավանաբար, այդ արյունալի պատերազմը չէր լինի, և հնարավոր կլիներ խուսափել ավելի քան հազար հայ և ադրբեջանցի երիտասարդների զոհվելուց»:


Ընդ որում, նա չի հստակեցրել, թե ինչ բանաձևեր են եղել դրանք․ «Ես չեմ կարծում, որ կարող եմ դրանց մասին խոսել։ Հատկապես հիմա դրա կարիքը չկա»,-ասել է նա։
Պեսկովն ընդգծել է, որ բոլոր համանախագահ երկրները չեն կիսում Բաքվի մոտեցումը, և բոլոր երկրները փաստարկված պնդել են, որ հակամարտության կարգավորման միակ հնարավոր ուղին քաղաքական-դիվանագիտական միջոցներն են:


«Ինչին, ըստ էության, բոլորը փորձում էին դրդել Ալիևին։ Դուք գիտեք, որ բավական աննախադեպ էր 3 նախագահների՝ Պուտինի, Թրամփի և Մակրոնի շատ կաևոր հայտարարությունը։ Առանձին ջանքեր էր գործադրում Ֆրանսիան։ Առանձին ջանքեր էր գործադրում Վաշինգթոնը, բայց ընդհանուր ջանքերին համահունչ։ Դա, հավանաբար, նույնպես մեծ ներդրում է ունեցել կոնսենսուսի հասնելու գործում»,-ասել է նա։