Lragir.am-ը գրում է. Համացանցում վերջին օրերին տարածվել է գրառում, որտեղ նշվում է, թե լեգենդար Եղնիկներ զորամասի ոչ պակաս լեգենդար հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, հրաժարվում է լքել դիրքերը եւ անգամ հայտնել է իր հարազատներին, որ կանգնելու է մինչեւ մահ: Հայկական համացանցում մշտապես, եւ այս օրերին առավել եւս տարածվում են ամենաբազմապիսի տեղեկություններ, հրապարակումներ, որոնք այս կամ այն նպատակն ունեն եւ չունեն աղերս իրականության հետ:

Եղնիկների դիրքերը ներառված չեն որեւէ փաստաթղթի ժամանակային քարտեզում: Եղնիկներում եւ ընդհանրապես Արցախի հյուսիսում կանգնած է եւ կանգնելու է Արցախի պաշտպանական բանակը, իրականացնելով մարտական հերթապահություն: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Հայաստանի ՊՆ խոսնակը:

Ընդհանրապես, համաձայն նաեւ եռակողմ հայտարարության, Արցախի պաշտպանական բանակը մնում է Արցախի իր դիրքերում եւ շարունակելու է իրականացնել մարտական հերթապահությունը եւ Արցախի սահմանների պաշտպանությունը:

Ավելին, հայկական կողմի ներկայիս, ինչպես նաեւ ապագայի ռազմավարական գերխնդիրն է լինելու պատերազմի խնդիրների, սխալների, բացթողումների վերլուծությունը եւ դրանց հիման վրա Արցախի ՊԲ արդիականացումը առավելագույնս բարձր տեմպով եւ ծավալով:

Արցախի պաշտպանական բանակը, եւ նրա թիկունքին համայն հայությունը դեռ ունեն լուծելու բազմաթիվ խնդիրներ: Չնայած համատարած անկումային տրամադրությանը, որն անշուշտ թելադրվում է միանգամայն հիմնավոր պատճառներով, հայրենազրկության ցավալի փաստով, այդուհանդերձ մենք ունենք պաշտպանելու Արցախ եւ մենք ունենք տարածքային առումով վերականգնելու Արցախ: Այդ խնդիրները պետք է լինեն հայկական դիվանագիտության թիրախում, սակայն անկասկած է, որ բոլոր լուծումների առանցքում եղել եւ շարունակելու է լինել հայկական զինուժը, այդ համատեքստում Արցախի պաշտպանական բանակը:

Լեգենդար հրամանատար, Արցախի հերոս Քյոխը, նրա զինվորներն ու սպաները, Արցախի պաշտպանական բանակի բարձրագույն հրամկազմը, զինվորներն ու սպաները պատմության մեջ ոչ միայն չեն ավարտել իրենց դերը, այլ մտել են նոր փուլ՝ ծանր, բարդ, ցավագին կորուստներով լի, բայց նոր փուլ՝ հայ ժողովրդի հետ միասին: Հաղթանակից դուրս գալու կարիք չկա, պարտությունից դուրս գալ կարողանում են ուժեղները եւ բացառիկները: Այժմ եկել է մեր այդ ուժի ցուցադրության ժամանակը, որը պետք է արտացոլվի նաեւ Արցախի ՊԲ լայն արդիականացման տեսքով:

Նյութի աղբյուր՝ lragir.am