Սիրելի՛ քաղաքացիներ,

Վարչապետի վերջին գրառման հետ կապված բազմաթիվ իրարամերժ մեկնաբանություններ են հայտնվել։ Շատերն այն դիտարկում են իբրև քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ։ Վստահեցնում եմ, որ սա տարընթերցում է։

Գրառումը պարզապես շնորհակալություն է այն հերոս տղաներին, ովքեր, շաբաթներ շարունակ լինելով առաջնագծում, այս օրերին շարունակում են ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն՝ կոչ անելով թիկունքում չտրվել սադրանքների, ոչ մի դեպքում չփորձել ապակայունացնել ներքաղաքական վիճակը և համախմբվել՝ հանուն Հայաստանի ու Արցախի։

Միաժամանակ, այս օրերին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները լծված են կանխելու ցանկացած ներքին բախում և բացառելու զինված խմբավորումների գոյությունը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի ու Արցախի առջև առկա բազմաթիվ խնդիրները հնարավոր է լուծել միայն ներքաղաքական կայունության միջավայրում և մեր ողջ ներուժի կոնսոլիդացիայի դեպքում։ Ուստի, ևս մեկ անգամ կոչ եմ անում զերծ մնալ ատելության, բռնության քարոզից և պառակտիչ գործունեություն իրականացնելուց։

Ողջախոհություն բոլորիս։