Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատության է ենթարկել ՄԱԿ Անվտանգության խորհրդին իր ներկայիս ձեւաչափով։ ՄԱԿ ԱԽ-ն «ներկայումս չի ընդունում ոչ մի օգտակար որոշում», հայտարարել է նա փարիզյան Grand Continent պարբերականի հետ հարցազրույցում։

Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներից մեկն է, որը վետոյի իրավունք ունի։ Բացի Ֆրանսիայից, մշտական անդամներ են ԱՄՆ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը։

Մակրոնը նաեւ հայտարարել է, որ Եվրոպային անհրաժեշտ է ավելի շատ անկախություն, այդ թվում՝ պաշտպանության հարցերում։ Ամերիկացիները կկարողանան եվրոպացիներին դաշնակից համարել միայն այն դեպքում, եթե նրանք «իրենք իրենց լրջորեն վերաբերվեն եւ անկախ լինեն սեփական պաշտպանական քաղաքականության մեջ», շեշտել է Ֆրանսիայի նախագահը։ Նա նշել է, որ Եվրոպան, ԱՄՆ-ի եւ Չինաստանի նման, հետագայում եւս աշխատելու է սեփական ինքնավարության ուղղությամբ։

Առաջին տարին չէ, որ շարունակվում են վեճերն այն հարցի շուրջ, թե ինչպիսին պետք է լինի համաշխարհային անվտանգության նոր ճարտարապետությունը։ Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հանդես է գալիս Եվրամիության Անվտանգության խորհրդի ստեղծման օգտին՝ «տեղ, որում եվրոպացիները կկարողանան ԵՄ ինստիտուտների շրջանակում եւ դրա սահմաններից դուրս համատեղ աշխատանք կատարել միջազգային քաղաքականության եւ անվտանգության ոլորտներում։ Ընդ որում՝ Մաասի խոսքով՝ Մեծ Բրիտանիան պետք է մասնակցի ԵՄ Անվտանգության խորհրդի աշխատանքին նույնիսկ այն բանից հետո, երբ Եվրամիությունից հեռանա, իսկ ԱՄՆ-ն պետք է դառնա այդ մարմնի կարեւոր գործընկերը։