Այսօր Քարվաճառի Քնարավան գյուղում հանդիպեցինք հայր ու որդի Արմոյին ու Տիգրանին։ Նրանք Քնարավանի բնակիչներ են, այս պահին գյուղում մնացած միակ բնակիչները։ Պատերազմի ավարտից հետո, իջնելով դիրքերից, իրենց տունը գտել են թալանված ու հրկիզված։ Սրիկաները ամբողջ տունը թալանել են, կտուրը ապամոնտաժել ու այրել՝ իբր թուրքին չթողնելու համար։ Այնինչ Արմոն ու Տիգրանը վստահեցնում են, որ չեն լքելու գյուղը, մինչև վերջնական որևէ բան չհստակեցվի։ Ավերված տան մի փոքր սենյակը կարողացել են վերադասավորել, գիշերում են այդտեղ։ Պատերազմի առաջին օրը ընտանիքը՝ Տիգրանի մայրը, քույրն ու տատիկը տարհանվել են Արցախից, այժմ ապրում են Ճամբարակում։ Ի դեպ, նույն ճակատագրին են արժանացել երբեմնի գեղեցիկ Քնարավան գյուղի բոլոր 14 տները․ մի մասը հենց բնակիչներն են այրել, մյուս մասը՝ թալանչիները։

Տղերքը շատ մանրամասներ պատմեցին, որոնք նպատակահարմար չեմ գտնում հանրայնացնելու։ Միայն խոստացանք, որ եթե հրաշքով Քարվաճառը չհանձնենք, ապա պարտավորվում ենք իրենց տան վերակառուցման գումարը հայթայթել, իսկ ծայրահեղ դեպքում, եթե լքեն Քարվաճառը՝ իրենց հայրենի Ճամբարակում նոր տուն կառուցելու համար հայթայթել անհրաժեշտ գումար։ Հուսամ՝ երկու դեպքում էլ իմ հետևորդները կաջակցեն մեզ այդ ծրագրում։