Lragir.am-ը գրել է. Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ «օտարերկրացի վարձկաններն այսօրվա դրությամբ լքել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտին»: «Այս պահի դրությամբ ահաբեկչական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից, մեզ փոխանցել են, որ դրանք այլևս չկան», ասել է Խաթիբզադեն:

Ո՞վ է Թեհրանին հավաստիացրել, որ ահաբեկիչներն այլեւս չկան: Հետ են ուղարկել Սիրիա՞, թե ահաբեկիչները չկան պարզապես Իրանի սահմանի հարեւանությամբ եւ տեղափոխվում են արդեն Ռուսաստանի սահման:

Հետաքրքիր է, որ նախօրեին Խաթիբզադեի ռուս գործընկերուհի Զախարովան հայտարարել էր, որ ահաբեկիչների հարցը բաց է եւ նրանք դեռեւս մնում են ռեգիոնում: Այդպիսով, նա, ով Իրանին հավաստիացրել է, թե դրանք չկան, փաստորեն նույնը չի հավաստիացրել Մոսկվային:

Թուրքիան ահաբեկիչներին ներգրավել է տարբեր նպատակներով: Որտե՞ղ է կիրառելու նրանց՝ ՌԴ սահմանից այն կո՞ղմ, թե Արցախի դեմ:

Մոսկվան խաղաղապահների համար Արցախ է տեղափոխում պատկառելի զինանոց, ինչը վկայում է, որ դիտարկվում են հնարավոր տարբեր ռիսկեր: Մյուս կողմից, արդյոք Թուրքիան կգնա այդպիսի սադրանքի ռուս խաղաղապահների հանդեպ, եթե պատասխանը փաստորեն կհասցվի Ադրբեջանի տարածքին:

Չի բացառվում, որ Անկարան Իրանի հետ լուծել է հարցը: Ակնկալիքը գուցե այն է, որ առանց Իրանի հետ գործակցության, Մոսկվան չի գնա Ադրբեջանին հակաահաբեկչական հարված հասցնելու:

Իրանն իր հերթին թերեւս Թուրքիայի հետ պայմանավորևվել է հենց ի հեճուկս Մոսկվայի, որը պայմանավորվեց Թուրքիայի հետ առանց Իրանի: Թեհրանն անում էր Աստանայի ձեւաչափի առաջարկ՝ եռակողմ պայմանավորվածություն, սակայն դա չընդունվեց: Ռուս-թուրքական պայմանավորվածությունը շրջանցեց Իրանը: Հիմա հնարավոր է Իրանն իր հերթին առանձին պայմանավորվում է Թուրքիայի հետ, Մոսկվային թողնելով մենակ եւ Թուրքիային տալով ահաբեկչական ռեսուրսը ՌԴ դեմ օգտագործելու որոշակի միջավայրային «քարտ-բլանշ»:

Անկարային ըստ ամենայնի «հուսադրում» է այն, որ Ռուսաստանը միայնակ չի համարձակվի գնալ Ադրբեջանի դեմ հակաահաբեկչական լուրջ գործողության: Կունենա՞ Մոսկվան Թուրքիայի այդ «հույսը» մոլորության վերածելու լրջություն: Վերջին տարիներին՝ 2015 թվականի օդանավի հայտնի միջադեպից ի վեր, Ռուսաստանը Թուրքիային համոզել է հակառակի հարցում:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2020/11/16/600096/