Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի կողմից Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից Իլ -76 ինքնաթիռներով Կենտրոնական ռազմական օկրուգի խաղաղապահ բրիգադի ինժեներական ստորաբաժանման զինվորականների, հատուկ տեխնիկայի եւ սարքավորումների տեղափոխման մասին Լեռնային Ղարաբաղ: Այս մասին ասվում է երեքշաբթի օրը գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

«Սակրավորները կկատարեն ինժեներական հետախուզության, տեղանքի, ճանապարհների եւ օբյեկտների ականազերծման աշխատանքներ, ինչպես նաեւ կապահովեն մատակարարման եւ տարհանման ուղիների նախապատրաստում ու պահպանում, ջրի մաքրում եւ ինժեներական ապահովման այլ առաջադրանքների կատարում»,- ասված է հաղորդագրության մեջ: Բացի այդ, պայթուցիկ օբյեկտների հայտնաբերման եւ որոնման համար ծառայողական շներ կգործարկվեն: