Lragir.am-ը գրում է. ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Le Figaro թերթի կայքում հրապարակված հարցազրույցում, Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ բանակցությունների ավարտին, հայտարարել է, որ «ԱՄՆ-ը, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ միասին, Մինսկի խմբի համանախագահներ են, որոնց հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումն է: Հենց այս շրջանակներում էլ պետք է իրավիճակը կարգավորել»:

Միաժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ը մտահոգված է Թուրքիայի ռազմական ներուժի աճով: «Մենք այդպիսի մտահոգություն ենք հայտնել ինչպես անձնական հանդիպումների մակարդակում, այնպես էլ հրապարակավ: Եվրոպան եւ ԱՄՆ-ը պետք է միասին ձգտեն համոզել Էրդողանին, որ նման գործողությունները չեն բխում իր ժողովրդի շահերից»:

«ԱՄՆ դիրքորոշումն այն է, որ այդ հակամարտությունների ինտերնացիոնալացումը կործանարար է եւ վնասում է բոլոր առնչվող երկրներին»,- հավելել է նա: «Հենց այդ պատճառով մենք դիմել ենք բոլոր պետություններին` խնդրելով դադարեցնել միջամտությունը Լիբիայում՝ խոսքը լինի Ռուսաստանի, Թուրքիայի եւ այլոց մասին: Նույնը վերաբերում է Ադրբեջանում տիրող իրավիճակին», ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ղարաբաղի օկուպացիայի վերաբերյալ ռուս-թուրքական համաձայնությունը, որը ձեւակերպվեց որպես եռակողմ հայտարարություն, հարցեր է առաջացրել Մինսկի խմբի համանախագահների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի մոտ: Հայտարարության հրապարակումից հետո այս երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները հայտարարեցին, որ դեռ պետք է հետեւեն, թե ինչ է իրենից ներկայացնում այն եւ ինչ հետեւանքներ է ունենալու: Միեւնույն ժամանակ, նրանք դրեցին նաեւ Մինսկի խմբի կարգավորման շրջանակում Ղարաբաղի այն տարածքների հարցը, որտեղից տեղահանվել է հայ բնակչությունը:

Ռուսաստանը հայտարարել է, որ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ եռակողմ հայտարարության վերաբերյալ խորհրդակցություններ չեն արել: Միեւնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել պարբերաբար տեղյակ պահել ԱՄՆ-ին ու Ֆրանսիային իրականացվող միջոցառումների մասին: ՌԴ ԱԳՆ-ն նաեւ անորոշ հղումներ է անում Մինսկի խմբի շրջանակում կարգավորման մասին, սակայն իր վերջին հարցազրույցներից մեկում Լավրովը հստակ բացառեց Ղարաբաղի որեւէ կարգավիճակի հնարավորությունը, ինչը հակասում է Մինսկի խմբի շրջանակում կարգավորման տրամաբանությանը:

Ռուսաստանը ներկայում փորձում է Ղարաբաղում ներգրավել միջազգային տարբեր կառույցների, մարդասիրական խնդիրների եւ կրոնամշակութային հուշարձանների պահպանման հարցերում: Նկատելի է, որ Մոսկվան ձգտում է միջազգայնորեն լեգիտիմացնել իր հեղինակած եռակողմ փաստաթուղթը, սակայն այդ ուղղությամբ առայժմ հաջողություններ չունի:

Դժվար է ասել՝ արդյոք Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան լրջորեն կփորձեն վերականգնել իրենց դիրքերը Ղարաբաղյան կարգավորման հարցում: Ամեն դեպքում, Մինսկի խումբը պաշտոնապես կա, այն ունի միակ մանդատը հարցի կարգավորման համար, եւ սա անկասկած լծակ է միջազգային հարաբերություններում: Ի վերջո, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, որոնք հանդես են գալիս Ղարաբաղի կարգավիճակի օգտին, կարող են այդ խնդիրը «կախել» Ռուսաստանի ու Թուրքիայի վրա, իսկ ինչ որ պահի նույնիսկ միակողմանի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, լուրջ խնդիրների առաջ կանգնեցնելով Ռուսաստանին ու Թուրքիային:

Եռակողմ հայտարարությունն այդ իմաստով միջազգային լեգիտիմություն չունի, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ստորագրության պայմաններում, թեեւ հենց այդ հայտարարության դրույթների համաձայն կոնկրետ գործողություններ են արվում, ոչնչացնելով Ղարաբաղի սուբյեկտությունը եւ ամբողջությունը: Սակայն ինքնորոշման իրավունքը մեծ ուժ է, եւ նույնիսկ այդ պայմաններում Ղարաբաղի վերաբերյալ որեւէ միջազգային ակտը բաց է պահելու այդ հարցը եւ դրա համար պատասխանատուների շրջանակը:

Սա հնարավորությո՞ւն է հայկական դիվանագիտության համար: Դատելով Հայաստանում քաղաքական դասի ներկա դրսեւորումներից ու հռետորաբանությունից, նրանց նման հարցերը չեն հետաքրքրում, ավելին՝ չի երեւում անգամ նման խնդիրների գիտակցումը: Եթե լիներ այդ գիտակցումը, իրավիճակը Ղարաբաղում կզարգանար այլ կերպ:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2020/11/17/600147/