Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Օնիկ Գասպարյանը պարզաբանումներ է ներկայացրել ոչ միայն պատերազմի, այլ նաեւ դրան նախորդող ժամանակահատվածի առնչությամբ: Մասնավորապես, նա նշել է, որ հունիսի 8-ին նշանակվելով ԳՇ պետի պաշտոնում, հունիսի 12-ին ՀՀ Անվտանգության խորհրդին է ներկայացրել ռեգիոնալ ռազմա-քաղաքական իրադրության իր վերլուծությունը:

«Այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան: Հետևաբար այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն», նշում է գեներալ Գասպարյանը:

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հուլիսյան տավուշյան մարտերի առնչությամբ հայտարարեց, որ այդ մարտերը ցույց տվեցին Ադրբեջանի զինուժի հետ հայկական զինուժի մրցունակությունը:

Արցախի դեմ սանձազերծված պատերազմը անկասկած աշխարհաքաղաքական լայն շրջանակ ու շերտեր պարունակող գործողություն էր, որը պետք է դիտարկել ժամանակային լայն կտրվածքով: Եվ այստեղ հուլիսյան մարտերն ունեն էական նշանակություն:

Հուլիսին Տավուշում Հայաստանը լոկալ պարտության մատնեց Ադրբեջանին, որը Բաքվում հասունացրել էր գրեթե իշխանափոխություն: Ալիեւին պահեց Թուրքիան: Հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական սադրանքից հետո հայկական ուժերը զբաղեցրել էին ռազմավարական կարեւոր կետ, առաջին եւ սուր արձագանքը տվեց հենց Թուրքիան, ինչն աննախադեպ էր: Ավելին, Թուրքիայի հայտարարության տողատակում մեղադրանք էր ուղղված նաեւ Ռուսաստանին:

Հետո մի քանի օր Ադրբեջանը փորձում էր հետ բերել կորցրածը, կորցնում մարդուժ, անգամ գեներալ եւ մեծ քանակի անօդաչու թռչող սարքեր, սակայն ապարդյուն: Հուլիսի 16-ին իրավիճակը կանգնեց, սակայն սկսեց զարգանալ Բաքվում, որտեղ չստացվեց հեռացնել Ալիեւին, այլ հեռացավ Մամեդյարովը: Բաքվում պարտվեց Ռուսաստանը:

Մեծ հավանականությամբ, Տավուշը ավելի լայնամասշտաբ պատերազմը կանխելու փորձ էր, որը պետք է Ադրբեջանում հասունացներ Ալիեւի հանդեպ հանրային դժոհություն եւ տապալում, ինչը թերեւս բավականին երկար ժամանակով կլիցքաթափեր ռեգիոնալ պատերազմի վտանգը: Հատկանշական է, որ Տավուշի մարտերին աննախադեպ էր ոչ միայն Թուրքիայի աշխուժությունը հայտարարությունների մակարդակով՝ հիմնականում պայմանավորվելու վերաբերյալ Ռուսաստանին ուղղված ակնարկներով, այլ նաեւ ուժային այլ կենտրոնների, որն արտահայտվում էր Երեւանում նրանց դեսպանների՝ Հայաստանի ՊՆ հանդեպ ուշադրությամբ: Խոսքը ԱՄՆ, Չինաստանի, Իրանի, Ֆրանսիայի մասին է:

Ըստ ամենայնի, Թուրքիայի պատերազմը կանխելու փորձը ունեցավ հակառակ էֆեկտ, երբ հաջողությամբ ավարտվեց Տավուշում, սակայն կիսատ մնաց Բաքվում: Տավուշում Հայաստանի հաղթանակը գործնականում ճանաչեցին միջազգային եւ ռեգիոնալ անվտանգության համակարգի բոլոր առանցքային խաղացողները, բնականաբար Թուրքիայից բացի:

Մյուս կողմից, սակայն, հայկական զինուժի այդ հաղթանակից փաստորեն ավելի խորքային ռազմա-քաղաքական հետեւություն արեց թշնամին՝ պատերազմ սկսելու համար: Խորքային, կամ արագ, քան կաներ կամ կհասցներ անել Հայաստանը՝ պատերազմը կանխելու համար:

Նյութի աղբյուր՝ Lragir.am