«Ժողովուրդ» թերթը գրում է. Արցախում կադրային փոփոխությունները սկսված են։ Նոյեմբերի 12-ին հրաժարական էր տվել արդարադատության նախարար Սիրան Ավետիսյանը։ Մենք տեղեկացանք, որ առաջին հերթին իր պաշտոնին հրաժեշտ կտա Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

Ընդ որում, մենք տեղեկացանք, որ դա կոնկրետ Արայիկ Հարությունյանի որոշումն է լինելու, եւ Մայիլյանին աշխատանքից հեռացնելու գլխավոր պատճառներից մեկը վերջինիս «պերսոնա նոն գրատա» լինելն է Ռուսաստանի Դաշնության համար:

Ինչպես հայտնի է, Մասիս Մայիլյանի մուտքը ՌԴ արգելված է 2020 թվականի մարտի 11-ից եւ արգելափակված է մնալու 5 տարի ժամկետով՝ մինչեւ 2025 թվականի մարտի 11-ը։ Արգելանքի որոշումը կայացվել էր Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության կողմից, իսկ պատճառը նշվել է, որ Մասիս Մայիլյանը ներկայացնում է սպառնալիք Ռուսաստանի ազգային անվտանգությանը։

Եվ հենց դա է պատճառը, որ նման որոշում է կայացվելու: Ի վերջո, Արցախը չի կարող ունենալ արտաքին գործերի մի նախարար, որը որեւէ երկրի կողմից անցանկալի է, առավել եւս երբ խոսքը վերաբերում է ռազմավարական դաշնակից հանդիսացող եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրի: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Մասիս Մայիլյանից, սակայն ապարդյուն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում