Ռուսաստանի նախագահ Պուտինը երեկվա հարցազրույցում մի շարք բացահայտումներ արեց, որոնք կարող են ունենալ վճռորոշ նշանակություն: Ըստ էության, Պուտինը հանձնեց Հայաստանի թե նոր, թե հին քաղաքական ղեկավարությանը, Նիկոլ Փաշինյանի հրաժարական պահանջող ընդդիմությանը:

Պուտինը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն իր համար տարօրինակ կերպով հրաժարվել է հոկտեմբերի 19-20-ին պատերազմը կանգնեցնելու գրեթե վերջնական պայմանավորվածությանն իր հավանությունը տալուց, որն իր պայմաններով անհամեմատ ավելի նպաստավոր էր, քան նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Ըստ Պուտինի, Շուշիի առումով Ալիեւը դնում էր ընդամենը փախստականների վերադարձի պահանջ, իսկ քաղաքը պետք է լիներ ռուս խաղաղապահների գոտում: Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այդ ամենը չի բխում Հայաստանի ու Արցախի շահից:

Մյուս կողմից, ՌԴ նախագահը հերքում է Նիկոլ Փաշինյանի դավաճանության առումով հնչող մեղադրանքները, ասելով, որ նա ձգտում էր պաշտպանել Հայաստանի շահն ու անվտանգությունը, այլ հարց է՝ որոշումները ճիշտ էին, թե սխալ: Այդպիսով, Պուտինը հայկական ընդդիմությանը զրկում է Փաշինյանին «հող հանձնելու» կամ «դավաճանության» մեղադրանք ներկայացնելու հնարավորությունից, եթե իհարկե հայկական ընդդիմությունը չպնդի մեղադրանքը: Որովհետեւ պնդել մեղադրանքը, նշանակում է ինչ որ իմաստով այդ «դավաճանությանն» ասոցացնել նաեւ Պուտինին:

Մյուս կողմից, Պուտինը հայտարարել է, որ եռակողմ համաձայնագրի կատարումից հրաժարվելը Հայաստանի համար կլինի ինքնասպանություն: Այդպիսով ՌԴ նախագահը փաստացի հակադրվում է այն պնդումներին, որ կարող է լինել ավելի շահեկան բանակցություն: Այդպիսով, նա ընդդիմությանը զրկում է եւս մի խաղաքարտից:

Միեւնույն ժամանակ, նա հնչեցրել է քաղաքական ղեկավարության համար ամենալուրջ եւ էական մեղադրանքը՝ այս տարիների ընթացքում չի ճանաչվել Արցախը կամ չի կայացվել Հայաստանին միացնելու որոշում: ՌԴ նախագահը բերեց անգամ Ղրիմի, Աբխազիայի եւ Օսիայի հարցում ՌԴ օրինակը: Պուտինը մի քանի անգամ նշեց, որ պատերազմի հարցում էական է եղել Արցախի չճանաչվածության գործոնը, այդ թվում՝ Հայաստանի կողմից:

Ի դեպ, այդ մասով նկատելի էր նաեւ զգուշացումն Ալիեւին, որ եթե ռուս խաղաղապահները հայտնվեն հարվածի տակ, ապա Ռուսաստանը կարող է ճանաչել Արցախը: Համենայն դեպս, Պուտինը շեշտեց, որ Մոսկվան ճանաչեց Աբխազիան ու Օսիան, երբ Վրաստանի նախորդ իշխանությունը թիրախավորեց ռուս խաղաղապահներին:

Վերադառնալով Արցախի ճանաչման հարցին, որում Պուտինը «մեղադրում» է նախկին եւ ներկա քաղաքական ղեկավարությանը: Հնարավոր է՝ բերվի փաստարկ, որ այդ հարցում չի եղել հենց Ռուսաստանի հավանությունը, եւ դա հեռու չէ ճշմարտությունից, եւ Պուտինն ընդամենը փորձեց իր վրայից հանել Արցախի կեսի կորստի համար որեւէ պատասխանատվություն հայ ժողովրդի առաջ:

Փաստն այն է, որ Պուտինը հնչեցնում է «մեղադրանքը», եւ եթե դա թույլ չի տվել անել հենց Պուտինը, ապա ո՞վ կլինի առաջինը Հայաստանի նախկին ու ներկա ղեկավարներից, որ կասի այդ մասին:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2020/11/18/600616/