ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրանկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփայերը և Ադամ Շիֆը Հայաստանին պարտադրված զինադադարն անվանել են անառողջ և կոչ արել Թրամփի վարչակազմին վերստին ներգրավվել ԵԱՀԿ ՄԽ գործընթացում՝ գտնելու Արցախյան խնդրի կարգավորում՝ հիմնված ինքնորոշման հիմնարար իրավունքի վրա։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։

Նրանք նաև ԱՄՆ-ի կողմից մարդասիրական և ականազերծման հարցերով աջակցության կոչ են արել՝ երաշխավորելու հայ բնակչության ապահով վերադարձն Արցախում գտնվող իրենց տներ։

Պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղղված նամակում կոնգրեսականները նշել են, որ ԱՄՆ-ը չի կարող թույլ տալ, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը թելադրվի բացառապես Թուրքիայի և Ռուսաստանի կողմից և կոչ են արել միջազգային խաղաղապահներ տեղակայել։

Չորս կոնգրեսականները հորդորել են նաև վերանայել քաղաքականությունը Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ, պատժել նրանց դրսևորված ագրեսիայի համար։