Lragir.am-ը գրում է. Տարօրինակ է լսել ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի մանրամասներն իրենց տեղեկացնելու անհրաժեշտության մասին, մանրամասները հաղորդվել են դիվանագիտական ​​ուղիներով, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովը հավաստիացրել է, որ ամերիկյան կողմը տեղեկացվել է ամեն ինչի մասին պետքարտուղարի տեղակալի մակարդակով` հաշվի առնելով այն փաստը, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն այժմ գտնվում է երկարաժամկետ արտասահմանյան ուղեւորության մեջ: Բացի այդ, Ռուսաստանը հենց սկզբից սերտորեն համագործակցում էր Մինսկի խմբի համանախագահների, այդ թվում` ԱՄՆ-ի հետ, ասել է նախարարը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի բանակցությունների արդյունքներով ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել էր, որ ԱՄՆ-ն ակնկալում է մանրամասն տեղեկություն ստանալ ԼՂ շուրջ Թուրքիայի դերի մասին: Նրա խոսքով՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան նախկինի պես հակված են իրենց դերին եւ «շատ հարցեր կան, որոնք ռուսները պետք է պարզաբանեն, ներառյալ՝ համաձայնագրի պարամետրերն ու Թուրքիայի դերը»:

Եռակողմ հայտարարությունից հետո ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Ռուսաստանից նախ բացատրություններ են պահանջել դրա դրույթների ու հետեւանքների մասին, քանի որ այն հակասում է Մինսկի խմբի ձեւաչափում կարգավորման սկզբունքներին, այնուհետեւ՝ Թուրքիայի դերի մասին: ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Ռուսաստանին փաստացի մեղադրում են սեպարատ «գաղտագողի» գործողությունների մասին, իսկ Մոսկվան հակադարձում է, որ բոլոր մանրամասներին տեղյակ է պահել նրանց:

Մինսկի խմբի արեւմտյան համանախագահները փաստացի կասկածի տակ են դրել եռակողմ հայտարարության լեգիտիմությունը: Մյուս կողմից, Ռուսաստանի առջեւ դրվել է այս գործընթացներին Թուրքիայի դերակատարության հարցը: Այս պարագայում հետաքրքիր իրավիճակ է առաջանում: Ռուսաստանը մի կողմից դրվատանքով է վերաբերվում Թուրքիայի դերին, մյուս կողմից, սակայն, հատկապես քարոզչական դաշտում ներկայացվում է, որ Թուրքիան Արեւմուտքի դաշնակիցն է եւ Ռուսաստանը դիմակայում է նրա էքսպանսիային այս պարագայում Հարավային Կովկասում: Թեեւ, Ռուսաստանում քիչ չեն նաեւ կարծիքները, որ Մոսկվան ինքն է «ներս թողել» Թուրքիային, իր հակաարեւմտյան քաղաքականության շրջանակներում:

Թուրքիան ցուցաբերում է հակաարեւմտյան հռետորաբանություն, մասնավորապես Մինսկի խմբի հարցում, հայտարարելով, որ այն ունակ չէ լուծել խնդիրները:

Իսկապե՞ս ԱՄՆ-ն ու Ֆրանսիան տեղյակ չեն եղել ռուս-թուրքական այս համաձայնություններից: Չի բացառվում, որ այս պարագայում էլ փորձ է արվում կիրառել Ռուսաստանի ու Թուրքիայի «կրկնակի զսպման» սխեման, ինչպես Սիրիայում: Չի բացառվում նաեւ, որ դրվում է Թուրքիայի հարցը՝ Մերձավոր Արեւելքում, Արեւելյան Միջերկրականում եւ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի պայմաններում: Ղարաբաղի պարագայում ռուս-թուրքական համաձայնության վրա կախվում են մի կողմից միջազգային լեգիտիմության, մյուս կողմից՝ Արցախի միջազգային ճանաչման խնդիրները:

Հայաստանն ու հայկական խնդիրները մանրադրամ են այս խաղում, թեեւ համարժեք քաղաքական քայլերի ու նախաձեռնությունների պարագայում մանեւրի ու ձեռքբերումների հնարավորություններ են առաջանում: Ո՞վ է զբաղվելու այս հարցերով:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2020/11/19/600961/