Հայաստանում առայժմ չկա ռազմական դրության ռեժիմը չեղարկելու անհրաժեշտություն։ Այս մասին նոյեմբերի 19-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց խորհրդարանի իշխող «Իմ քայլը» դաշինքից փոխխոսնակ Լենա Նազարյանը։

Նրա խոսքով՝ Կառավարությունը եւ իշխող «Իմ քայլը» դաշինքը ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումն ընդունել է ելնելով իրավիճակի գնահատականից։

«Հիմա կառավարությունից ազդակ չկա, որ այն պետք է չեղարկվի»,- ասաց Նազարյանը։

Հետեւաբար, փոխխոսնակի խոսքով, իշխող խմբակցությունը չի մասնակցի Խորհրդի նիստին, որը ընդդիմությունը գումարում է արտահերթ նիստ անցկացնելու համար։

«Մեր դիրքորոշումն այն է, որ դեմ ենք այդ նախաձեռնությանը»,- շեշտեց Նազարյանը։

Նշենք, որ ընդդիմադիր խմբակցությունները քանիցս փորձել են խորհրդարանի արտահերթ նիստ գումարել ռազմական դրության չեղարկման հարցի քննարկման համար, որից հետո հնարավոր կլինի պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այդպիսի հերթական նախաձեռնությունը ներկայացվելու է այսօր։ Սակայն իշխող «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները պարբերաբար անտեսում են խորհրդարանի Խորհրդի նիստերը, ինչի պատճառով ամեն անգամ անհնար է դառնում արտահերթ նիստ գումարելը։

Միաժամանակ, Երեւանում վերջին օրերին ընթանում են մասշտաբային ցույցեր, որոնք կազմակերպում են 17 ընդդիմադիր կուսակցությունները՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Քաղաքական գործիչներին եւ քաղաքացիներին վրդովել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ հայտարարության ստորագրումը, որով Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից բացի, նախատեսվում են Ադրբեջանի օգտին տարածքային զգալի զիջումներ ե բուն Հայաստանով միջանցքի բացում։