ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը եռակողմ փաստաթուղթը
ստորագրել է սպառնալիքների ներքո։ Հարցին, թե ի՞նչ սպառնալիքների մասին է խոսքը, Տարոն Սիմոնյանն ասաց․
«Բազմաթիվ հայտարարությունններ են արել թե՛ վարչապետը, թե՛ Արցախի նախագահը, թե՛ ԶՈՒ ԳՇ պետը, որ Հայաստանի առջև դրվել է վերջնագիր՝ Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների կողմից՝ կա՛մ ստորագրում եք, կա՛մ Ստեփանակերտը վերցնում ենք, շրջափակում ու ոչնչացնում մնացած զինվորականներին․․․ Իշխանության կողմից արդարացումը սա է եղել, որ հակառակորդի կողմից սպառնալիք է համարվում»,- նկատեց Սիմոնյանը։
«Վիեննայի կոնվենցիան՝ միջազգային պայմանագրերի վերաբերյալ, որի անդամ են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, ունի 51-րդ հոդված, որտեղ գրված է, որ սպառնալիքի ներքո գրված միջազգային պայմանագրերն առ ոչինչ են և դրանից չի կարող բխեցվել որևէ գործողություն։ Սակայն, մենք տեսնում ենք, որ ոչ միայն բխեցվում է, այլև մեր ղեկավարությունն արդարացնում է այդպիսի գործողությունների բխեցումը։ Գոնե չարդարացներ, որ հաջորդ վարչապետը գար և օգտագործեր նշված միջազգային կոնվենցիայի բառապաշարը, որ վերականգներ ինչ-որ հայանպաստ իրավիճակ»,- ասաց ԼՀԿ-ական պատգամավորը։