Lragir.am-ը գրում է. «Շուշին բերդաքաղաք է, և ռազմական ու նաև քաղաքական ղեկավարությունը մտածել են, որ այդ հատվածում մենք կկարողանանք ունենալ ռազմական հաջողությունը։ Դա տեղի չի ունեցել, և այդ հայտարարությունը հնարավոր է եղել ընդունել միայն հենց Շուշիի անկման կետում», հայտարարել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: Այդպես նա արձագանքել է ՌԴ նախագահ Պուտինի հայտարարության վերաբերյալ հարցին:

Երկու օր առաջ ՌԴ նախագահը հայտարարեց, որ հոկտեմբերի 19-20-ին հաջողել է ստանալ կրակի դադարեցման իրական համաձայնություն Ալիեւից, երբ Ադրբեջանը վերցրել էր Արցախի միայն հարավային հատվածը: Ըստ Պուտինի, Ալիեւի պայմանն է եղել Շուշի փախստականների վերադարձը: Պուտինը հայտարարեց, թե «ի զարմանս իրեն», հայկական ղեկավարությունը հրաժարվել է այդպիսի պայմանով համաձանությունից եւ պատերազմը շարունակվել է: Ըստ նրա, Հայաստանի վարչապետը ասել է, որ դա չի բխում Հայաստանի ու Արցախի շահից, եւ կկռվեն մինչեւ վերջ:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի արձագանքել Պուտինի հայտարարությանը եւ «զարմանքին», թե ինչու՞ է ինքը մերժել հոկտեմբերի 19-20-ի առաջարկը, որն անհամեմատ ավելի նախընտրելի էր, քան նոյեմբերի 9-ին ստորագրված պայմանները: ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ասում է, որ փախստականների վերադարձին համաձայնություն չի եղել, որովհետեւ նշանակելու էր քաղաքը հանձնել ադրբեջանցիներին:

Անկասկած է, որ Ալիեւը դնելու էր առնվազն մոտ երկու տասնյակ հազարի վերադարձի հարց, ասելով, որ այս տարիների ընթացքում նախկին շուշեցի ադրբեջանցիներն ավելացել են: Բայց այստեղ հարցը պարզ մեխանիկայի եւ թվաբանության տիրույթում չէր, եւ կա մեծ տարբերություն՝ Շուշին ադրբեջանական ռազմական վերահսկողության տա՞կ է, թե այսպես ասած քաղաքացիական բազմության: Առավել եւս, որ այդ գործընթացը մեկօրյա չէր լինելու, հետեւաբար առաջանալու էր առնվազն հետագա դիվանագիտական-քաղաքական խաղի հնարավորություն՝ քաղաքը հայկական ենթակայության գոտում պահելով հանդերձ:

Այլ հարց է, եթե եղել են դետալներ, որոնց մասին Պուտինը լռել է: Այդ դեպքում թերեւս պետք է խոսի հայկական ղեկավարությունը: Առայժմ այն, ինչ խոսում է օրինակ Լենա Նազարյանը, քիչ համոզիչ բացատրություն է: Անգամ այն, որ Շուշին բերդաքաղաք էր եւ մտածում էին, որ այն հնարավոր է պահել ռազմական առումով:

Կա Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ գեներալ Օնիկ Գասպարյանի բացատրությունը պատերազմի վերաբերյալ, որտեղ նա նշում է. «Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:

Փաստացի, զինվորական բարձրագույն ղեկավարությունը քաղաքական ղեկավարության առաջ իրավիճակը դրել է պարզ՝ ամեն հաջորդ օր կունենանք բանակցության ավելի վատ պայման: Ի՞նչ է ասել զինվորական ղեկավարությունը հոկտեմբերի 19-20-ի վերաբերյալ:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2020/11/19/601096/