Lragir.am-ը գրում է. «Ինչ վերաբերում է Ղարաբաղը որպես անկախ ինքնուրույն պետություն ճանաչելուն, չճանաչելուն, ապա այստեղ կարելի է տարբեր կերպ գնահատել դա, բայց դա առանց որեւէ կասկածի էական գործոն էր, այդ թվում՝ հենց նոր, հուսով եմ՝ ավարտված արյունալի հակամարտության ընթացքում: Քանի որ Ղարաբաղի չճանաչման փաստը, այդ թվում՝ Հայաստանի կողմից, էական հետք է թողել իրադարձությունների ընթացքի, նրա ընկալման վրա», ասել է ՌԴ նախագահ Պուտինը նոյեմբերի 17-ի իր հարցազրույցում։

Պուտինի այդ հարցազրույցը վկայում էր անհանգստության լուրջ պատճառները եւ այն ծանր իրավիճակը, որում հայտնվել է Ռուսաստանը: ՌԴ նախագահը մատնանշում էր հայկական էլիտաների անադեկվատությունը, եւ տվյալ պարագայում էական էր հայերի ցեղասպանության եւ Ղարաբաղի ճանաչման հիշատակումը, որոնցով նա փորձում էր փաստարկներ դնել թուրքերի առաջխաղացման դեմ:

Եւ եթե Թուրքիայում ու Ադրբեջանում ցեղասպանության հիշատակումը մեռյալների միջոցով պատնեշ կառուցելու փորձն էր, Ղարաբաղի ճանաչման խնդիրը ներկայի «կենդանի» քաղաքական ակտ է, որով նա զգուշացնում է թուրքերին, բերելով Օսիայի ու Աբխազիայի օրինակը:

Դա հայկական էլիտաների անադեկվատության, երեսպաշտության եւս մեկ վկայություն է: Եթե որեւէ երկիր ճանաչի Ղարաբաղը, մենք կլինենք երկրորդը, եթե Ադրբեջանը կրկին հարձակվի՝ մենք կճանաչենք Ղարաբաղը, Մենք չենք ճանաչում Ղարաբաղը՝ բանակցային գործընթացը չխաթարելու համար՝ Լեւոն Տեր-Պետրոսյան-Քոչարյան-Սարգսյանից Նիկոլ Փաշինյան ձգվող այս «փաստարկները» մսխել են Հայաստանի սուբյեկտության ռեսուրսը, սպասելով, որ ինչ որ մեկը մեր փոխարեն կորոշի: Ահա, որոշեցին:

10 օր է անցել եռակողմ համաձայնագրից, 10 օր էլ մնացել է մինչեւ դրա իրագործման ավարտը, այս ընթացքում Հայաստանում տեղի է ունենում քաղաքական անմեղսունակության իսկական խրախճանք: Իշխող մեծամասնությունը, խորհրդարանը, քաղաքական խայտաբղետ դասը ռազբորկաների ու դավաճանների փնտրտուքի մեջ են, հընթացս Մոսկվային հավաստիացնելով, որ հավատարիմ են իրեն ու համակերպվել են իր հեղինակած փաստաթղթին:

Բայց դա պե՞տք է Ռուսաստանին ու Հայաստանին: Ավելին, «տերն» արդեն ասել է, որ հայերի անգործության պատճառով են իրենք ստիպված զիջել թուրքերին, եւ պատճառներից մեկն էլ Ղարաբաղը չճանաչելն է: Ինչո՞ւ են հապաղում Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանը, ինչո՞ւ չեն այս հարցը բարձրացնում մտահոգ քաղաքական ուժերը: Այ դա է դավաճանությունը:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2020/11/20/601403/