Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբևիցե չեմ դառնացել
Երբևիցե չեմ վիրավորվել
Երբևիցե ձեզ չեմ լքել
Սիրելի՛ ժողովուրդ, թանկագի՛ն եղբայրներ եվ քույրեր, թեժ կռիվների բովով անցած իմ զինակիցներ…


Այսօր իմ համար շատ ծանր օր է: 1988 թվականի փետրվարին իմ կողմից արձակված առաջին փամփուշտն իմ ժողովրդի անվտանգության համար էր: Այնուհետև, իմ անմիջական նախաձեռնությամբ, զրոյական վիճակից, ի շնորհիվ և ի փառս իմ ժողովրդի, մենք կարողացանք ստեղծել կանոնավոր զորք, այն է՝ Ասկերանի պաշտպանական շրջանը՝ գունդը: Իմ հրամանատարությամբ մեր գունդը մասնակցել է Արցախի Հանրապետության պաշտպանության բազմաթիվ մարտական գործողությունների՝ տարբեր ճակատներում բեկումներ մտցնելով: Այո՛, մենք լռեցրեցինք Աղդամի տարածքում գտնվող բոլոր կրակակետերը և այն ազատագրեցինք: 1991–1994 թթ. 3000 անձնակազմ ունեցող գունդը, բացի իր հիմնական պաշտպանական հատվածից մասնակցել է նաև Մարտակերտի, Քարվաճառի, Լաչինի, Հորադիզի ուղղություններում ազատագրական պայքարին: Այդ ընթացքում կորցրեցինք մեր լավագույն 292 մարտիկներին, ունեցանք երկու անհայտ կորած և վիրավորվեցին 475 մարտիներ, որոնց մեծ մասը ապաքինվելով վերադարձան շարքեր: 27 տարի շարունակ Ասկերանի պաշտպանական շրջանը փառքով կատարեց իր առջև դրված բոլոր խնդիրները: Նույնը՝ 2016 թվականի ապրիլին և 2020 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին՝ Թուրքիայի բացահայտ մասնակցությամբ և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում:


Այսօր շատ դառնացած ու վիրավորված եմ, քանզի տկար և ապաշնորհ քաղաքական գործիչների կողմից վարած հակահայ քաղաքականության արդյունքում Ասկերանի և մյուս պաշտպանական շրջանների գնդերը թողեցին իրենց մարտական հենակետերը:
Պատասխան եք տալու միանշանակ…


Սակայն դու չե՛ս պարտվել Հայ Զիվոր, լսու՛մ ես, դու հաղթել ես…
Սիրելի՛ հայրենակիցներ, ես երբեք չեմ լքել ձեզ ու չեմ լքելու: Իմ Արցախն ու իմ ղարաբաղցիներն իմ սրբությունն են: Շարունակելու եմ իմ պայքարը, մենք իրավունք չունենք պարտվելու և հիշեք՝ հաղթելու ենք:


Շնորհակալություն եմ հայտնում այն հարյուրավոր իմ մարտական ընկերներին, որոնք անսալով իմ կոչին ոտքի ելան, զենք վերցրին: Կոչ եմ անում ձեզ, պահենք և պաշտպանենք մեր սուրբ երկիրը, քանզի դա մեր յուրաքանչյուրի սրբազան պարտքն է: Ես համոզված եմ, որ եթե մենք համախմբվենք, դեն նետենք վախն ու հուսահատությունը, շատ կարճ ժամանակում հաղթելու ենք:
Իմ խոնարհումը բոլոր նահատակված մեր մարտիկների ընտանիքներին, բոլոր վիրավորներին շուտափույթ ապաքինում:
Աստված մեզ բոլորիս պահապան»։