Lragir.am-ը գրում է. Հրաժարական է տվել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, նրան փոխարինել է Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական, գեներալ Վաղարշակ Հարությունյանը: Նա եղել է Հայաստանի պաշտպանության նախարար՝ Վազգեն Սարգսյանի, իսկ հոկտեմբերի 27-ից հետո Արամ Սարգսյանի կառավարություններում: 2000 թվականի մայիսին Ռոբերտ Քոչարյանը պաշտոնանկ արեց Արամ Սարգսյանին, եւ Վաղարշակ Հարությունյանը նրա հետ միասին անցավ ընդդիմադիր դաշտ:

Ընդդիմադիր գործունեության շրջանում Ռոբերտ Քոչարյանի հասցեին Վաղարշակ Հարությունյանի մեղադրանքների ծանրակշիռ մասը վերաբերում էր Մեղրու «հանձնմանը»: Ըստ նրա՝ Քոչարյանը կարգավորման ամերիկյան տարբերակի համաձայն պատրաստ էր հանձնել Մեղրին Լաչինի դիմաց: Նա դա էր տեսնում նաեւ հոկտեմբերի 27-ի պատճառների հիմքում, որ Վազգեն Սարգսյանն ընդդիմանում էր այդ տարբերակին եւ դրա համար դարձավ ահաբեկության զոհ:

Մի քանի ամիս առաջ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում անդրադարձել էր Քի Վեսթի տարբերակին եւ նշել, որ դիտարկվում էր Մեղրիով ճանապարհի տրամադրման եւ ոչ թե Մեղրու տարածքի փոխանակման հարց:

Քի Վեսթի ամերիկյան նախաձեռնությունն, ըստ բոլոր նշանների, գրեթե համաձայնեցված էր: Ամերիկյան այս քաղաքում Քոչարյան-Հեյդար Ալիեւ հանդիպման առնչությամբ տեղեկություն էր տարածվել, որ համաձայնության դեպքում նախագահներին կընդունի ԱՄՆ նախագահ Բուշը: Բուշն ընդունեց Ռոբերտ Քոչարյանին եւ Ալիեւին, ինչը նշանակում էր, որ համաձայնությունը մոտ է: Քի Վեսթի տարբերակը թերեւս կարող էր հավակնել հայկական շահի տեսանկյունից ամենահաջողվածը լինելուն: Բայց վերադառնալով Բաքու, Հեյդար Ալիեւը հրաժարվեց այդ տարբերակից:

Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության կետերից մեկը վերաբերում է Մեղրու տրանսպորտային միջանցքին, որի համար Ռոբերտ Քոչարյանին կոշտ քննադատում էր պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ խոսքը տրանսպորտային ճանապարհի մասին է, որը կարող է իրագործվել, կամ ոչ: Տարբերությունն ըստ երեւույթին այն է, որ այս անգամ Մեղրու տարբերակը ոչ թե ամերիկյան նախաձեռնությամբ դիվանագիտական կարգավորման, այլ պատերազմի եւ ռուսական հրադադարի միջնորդական նախաձեռնության արդյունք է: Իսկ Վաղարշակ Հարությունյանը դառնում է ոչ թե ընդդիմություն, այլ պաշտպանոււթյան նախարար:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2020/11/20/601535/