ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.

«Ննջեց, որ չխենթանա: Տիկին Ռիտան չէր կարող ականատես լիներ այն ամենին, ինչ կատարվում է Արցախում և Հայաստանում: Նա առանց դառնանալու առերեսվեց իր անձի և ընտանիքի նկատմամբ դրսևորված մեծ դավաճանություններին և փոքրոգի չարությանը, բայց չէր հաշտվի որբացած Դադիվանքի, նամազով և մուղամով լցված Շուշիի և հայրենազրկված ժողովրդի իրողության հետ:

Տասնյակ հազարավոր անհատներ և ընտանիքներ են երջանկացել տիկին Ռիտայի նվիրումով և ջանքերով` լեյկեմիայի և աուտիզմի կենտրոններում բուժում և խնամք ստացող մանուկներից մինչև Հայրենիքի պաշտպանի տանը վերականգնվող զինհաշմանդամներ և «Արագիլ» հիմնադրամի ջանքերով արհեստական բեղմնավորման շնորհիվ զավակի արժանացած ընտանիքներ: Պատերազմի ամենածանր տարիներին Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ Երևան չտեղափոխված և Ստեփանակերտի ապաստարաններում դուստրերին մեծացրած և դաստիարակած տիկին Ռիտան չէր կարող համակերպվել այս դավաճանության, ցնորքի, կեղծիքի և բարոյալքման հետ»:

Աստված հոգիդ լուսավորի, Մեծ Հայուհի