Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի տարածքային պատկանելության հարցը:

«Չէ որ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Դա նշանակում էր, որ միջազգային իրավունքի տեսանկյունից և Լեռնային Ղարաբաղը, և դրան հարող բոլոր շրջանները եղել և հանդիսանում են Ադրբեջանի հանրապետության տարածքի անբաժանելի մասը», – ասել է Ռուսաստանի նախագահը։

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ին անդամակցության պայմանները Ռուսաստանին չեն պարտավորեցրել ներքաշվել հակամարտության մեջ։

«ՀԱՊԿ-ի պայմանագիրը նախատեսում է փոխադարձ օգնություն այդ պայմանագրի մասնակից երկրի տարածքի նկատմամբ ագրեսիայի դեպքում։ Հայաստանի Հանրապետության տարածքի վրա ոչ ոք ոտնձգություն չի կատարել, եւ դա մեզ ոչ մի իրավունք չի տվել ուղղակի մասնակցել մարտական գործողություններին», պարզաբանել է նախագահը։

Ընդ որում, Մոսկվան ամբողջությամբ կատարել է պարտավորությունները Երեւանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում, հավելել է նա: «Վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանն իրեն լքված, մոռացված չի զգացել։ Եվ Ռուսաստանն ամեն ինչ արել է, որպեսզի դա չլինի», — ասել է նա։