168.am-ը գրում է․

Գեներալ Մովսես Հակոբյանի շուրթերից ճշմարտությունը հնչեց, իսկ ճշմարտությունը, որպես կանոն, լինում է կոշտ ու դաժան, անզիջում ու աններում: Այդ ճշմարտությունը լսելուց հետո մենք կարո՞ղ ենք ներել որևէ մեկին, ներել ինքներս մեզ, կարո՞ղ ենք ինքներս մեզ հետ հաշտ ու խաղաղ ապրելու հնար ու եզր գտնել: Մեզ ասել են, որ մենք պետություն ենք, և մենք հավատացել ենք, որովհետև հաճելի է պետություն, պետականություն ունեցողի զգացողությամբ ապրելը: Մեզ ասել են, որ մենք մարդ ենք, և մենք հավատացել ենք, քանի որ նույնպես հաճելի է մարդ` բանական էակ կոչվելը և այդ զգացողությամբ ապրելը:

Բայց պարզվում է, որ մենք պետություն ունենալու փոխարեն՝ տուն-տունիկ խաղացողների խաղահրապարակ ենք ունեցել, երբ երեխաները ցեխից ու ավազից տուն ու շինություններ են կառուցում` դրանք կոչելով քաղաքներ ու երկիր: Իսկ պետականության փոխարեն՝ ընտանեկան քաղցր-մեղցր, ստորին աստիճանի վրա գտնվող հարազատային հարաբերություններ են եղել` իմ կինը, իմ տղան, իմ ընտանիքը, որը բնորոշ է պլեբեյի ամբիցիաներին, ոչ ավելի: Այդքանից հետո մենք արդյո՞ք մարդ` բանական էակ կոչվելու իրավունք ունենք, ազնի՞վ է նման հաճելի զգացողություն ունենալը, թե՞ պարզապես կենդանիներ ենք, որոնք ապրում են որոշակի տարածքում, արոտավայրում:

Պարզվում է՝ պատերազմը ղեկավարել է Աննա Հակոբյանը: Սույն տիկինն ազատ ելումուտ է ունեցել հրամանատարական կետ, դիտարկել է մարտական գործողություններն էկրանին` ուղիղ միացմամբ, բնականաբար, եզրակացություններ արել ու որոշումներ կայացրել:

Որոշումները հրամանատարների ներկայությամբ չի բարձրաձայնել, քանի որ, ըստ գեներալ Հակոբյանի` տիկինը լուռումունջ է եղել, բայց տրամաբանական է, որ մեկի մոտ բարձրաձայնել է, հակառակ դեպքում ինչո՞ւ պետք է գար և մասնակցեր: Եվ այդ մեկը, բնականաբար, ամուսինն է` գերագույն գլխավոր հրամանատարը: Պատկերացնո՞ւմ եք, սույն տիկնոջ ամուսինը սիրուհիներ ունենար, այդ դեպքում սիրուհիներն էին հրամանատարական կետում` պատերազմը ղեկավարողների մեջ նստած լինելու, սա ասում եմ՝ իբրև մխիթարանք: Միայն թե չասեք` կին էր, եկել էր հետաքրքիր կինո նայելու, ուղղակի հավես էր իր համար:

Ինչպես ասում են` օձն իր պորտով, ղուշն իր թևով չէր կարող մտնել հրամանատարական կետ պատերազմի ժամանակ: Բայց սույն տիկինը` չլինելով բարձրաստիճան զինվորական, անգամ կառավարության անդամ, որոնց մուտքը նույնպես արգելված է, եթե պատերազմական գործողությունները ղեկավարելու կամ դրանց միջամտելու իրավունք չունեն, ազատ մուտք է ունեցել այդ փակ, գաղտնի տարածք` միայն այն իրավունքով, որ իր վարչապետ ամուսնու կինն է:

Սա պետությո՞ւն է, թե՞ տուն-տունիկ խաղացողների բակային խաղահրապարակ, եղածը պատերա՞զմ էր, թե՞ երեխաների կռիվ-կռիվ խաղ: Այդքանից հետո մենք մարդ` բանական էակ կոչվելու իրավունք ունե՞նք, թե՞ ոչ: Արդյո՞ք պետություն, պետականություն ունենալու արժանի ենք, և ի՞նչ եք կարծում, կարո՞ղ էինք այս պատերազմում հաղթել նման գեղական ընտանեվարությամբ:

Երբ տարիներ առաջ՝ 2010թ․ դեկտեմբերի 3-ին Մարզահամերգային համալիրում օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի համերգից առաջ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կնոջը երկրի նախագահի արարողակարգի բաժնի աշխատակիցներն ասել էին, որ նստած տեղից վեր կենա և մյուս տեղում նստի, ինչից էլ վիրավորված՝ քաղաքապետն ասողի հետ հաշվեհարդար էր տեսել, համազգային ընդվզման, դատապարտման խնդիր էինք դարձրել այդ իրողությունը:

Ավելին, այդ պատմության և հասարակության դժգոհության մեծ ալիքի պատճառով օրեր անց՝ դեկտեմբերի 8-ին, Գագիկ Բեգլարյանը հրաժարական տվեց քաղաքապետի պաշտոնից։ Այդպիսի վարքագիծն անընդունելի և անհանդուրժելի էր, իսկ պետական պաշտոնյայի՝ Երևանի քաղաքապետի դեպքում` առավել ևս։

Իսկ այսօր, լայնածավալ պատերազմի թեժ պահին Փաշինյանի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, միանշանակ ու անվիճելիորեն անհրաժեշտ դիտողություն անելու համար գեներալ-գնդապետին մեկ հեռախոսազանգով մարտադաշտից կանչում են Երևան և արգելում վերադառնալ պատերազմի գոտի, որտեղ օդ ու ջրի պես անհրաժեշտ էր, և մենք լուռ ենք, ավելին` մեր սրտով է:

Երբ այդ ընտանեկան քմահաճույքների, այր ու կին հարաբերությունների հետևանքով պատերազմ ենք տանուլ տվել, գլխապտույտ ստանալու, խելակորույս լինելու փոխարեն՝ ուրախ ու զվարթ ենք, ծափ ենք տալիս, կարծես երկնքից մանանա է թափվել: Որևէ մեկը պատասխանատվություն պահանջո՞ւմ է, թե սույն տիկինն ի՞նչ գործ ուներ հրամանատարական կետում պատերազմի թեժ գործողությունների ժամանակ, և ի՞նչ իրավունքով:

Կա՞ մեկը, որ բացատրություն տա, ինչի կարիքն այսօր ունի մեր հասարակության մարդ` բանական էակ կոչվելու խիստ սահմանափակ հատվածը: Թե՞ մխիթարվենք, որ Մարիամիկը չի եղել հրամանատարական կետում` պատերազմական գործողություններն ուղիղ ցուցադրող էկրանի առաջ, բայց կարող էր, չէ՞, լինել:

Մենք չենք լսում, տեղ չի հասնում, որ սխալ զինատեսակներ են գնվել, որոնք պատերազմի ժամանակ չեն օգտագործվել: Չենք հասկանում, որ պատերազմի ժամանակ բանակը չի համալրվել, որ կարևոր ստորաբաժանումներ ոչ նպատակային են օգտագործվել` ինչպես ԱԱԾ հատուկ ջոկատը: Չենք մտածում, որ Ռուսաստանին օգնելու, աջակցելու խնդրանքով ուշ ենք դիմել:

Փոխարենը՝ հպարտանում ենք, որ Հայաստան այցելած Ռուսաստանի նախագահին մեր վարչապետը չընդունեց, որ Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 75-ամյակի առիթով Վլադիմիր Պուտինի հրավերը մերժեց մեր վարչապետը: Մենք դրանից մեզ լավ ենք զգում` առնվազն՝ Հայաստանի հպարտ քաղաքացի, քանի որ ունակ չենք վերլուծելու հետևանքները: Մենք չենք գիտակցում, որ անգրագետ մոտեցում է եղել, քմահաճույքն ու ամբիցիան են առաջնություն ունեցել և ինքնանպատակ գործունեությունը, որի արդյունքում այդքան մարդկային զոհեր, տարածքների, ի վերջո՝ Արցախի կորուստ ունեցանք։

Մենք միայն ուրախ ենք, անթաքույց ցնծում ենք, որ Ղարաբաղի խնդրից ազատվեցինք, որ մեր հայրենիքի մի մասը կորցրեցինք, որի հետևանքով վտանգված է մյուս մասը` ամբողջը: Չենք հասկանում, որ կանգնած ենք մեր անկախությունը կորցնելու վտանգի առաջ, որովհետև երբեք չենք գիտակցել դրա արժեքը:

Միայն պետականության զգացումից զուրկ պաշտպանության նախարարը կարող է վերադասի տիկնոջ քմահաճույքի հետևանքով, պատերազմի թեժ ժամանակ, մարտադաշտից կանչել իր գեներալին և ասել` դու չպետք է վերադառնաս այնտեղ: Եվ դեռ զարմանում է, որ պարտավոր է հրաժարական տալ: Հետաքրքիր է, որ այս փաստի առկայության պայմաններում ուրիշ ի՞նչ արդարացման վրա է հույսը դրել:

Պատկերացնո՞ւմ եք, որ քառօրյա պատերազմի ժամանակ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը հրամանատարական կետում նստած լիներ՝ ի՞նչ օյին բերած կլինեինք Սերժ Սարգսյանի գլխին, և դեռ այն դեպքում, երբ այդ պատերազմում չէինք պարտվել: Մենք պատրաստ ենք, հաշտ ենք, որ մեր գլխին բամփեն, երբ Սերժն էր բամփում, ասում էինք` քխ, իսկ երբ Նիկոլն է մեր գլուխը ցխում, ասում ենք` օխայ: Այդքանից հետո մենք արդյո՞ք պետություն, պետականություն ունենալու, մարդ` բանական էակ կոչվելու իրավունքն ունենք: Միանշանակ՝ ո՛չ:

Նյութի աղբյուր՝ 168.am