Նոյեմբերի 18-ին ՀՀ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ Գառնիկ Պետրոսյանի մահվան վերաբերյալ։ Հիշեցնենք, Գառնիկ Պետրոսյանը նոյեմբերի 9-ին Ազգային ժողովի շենք ներխուժած անձանցից մեկն էր, որ դին նոյեմբերի 13-ին գտել էին Կիեւյան կամրջի տակ։ Տարբեր լուրեր շրջանառվեցին այս դեպքի առիթով, անգամ գրում էին, որ նրան սպանել են՝ պատժելով ԱԺ մտնելու համար, նույնիսկ «պատժիչ գործողություններն» իրականացրած անձանց անուններն էին շրջանառվում։ Եւ այս լուրերը հերքելու համար դատախազությունը պարզաբանում էր տարածել, որ հերքեր ասեկոսեները եւ հիմնավորեր ինքնասպանության վարկածը։

Դատախազության հաղորդագրության մեջ ասվում էր․

«2020թ. նոյեմբերի 13-ի երեկոյան Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել էր 27-ամյա Գառնիկ Պետրոսյանի դին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նոյեմբերի 14-ին դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Քննության ընթացքում պարզվել է, որ պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության հրապարակումից հետո ՀՀ կառավարության, ԱԺ շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով՝ զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով 2020թ. նոյեմբերի 10-ին Գ. Պետրոսյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով 3011–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով, իսկ նոյեմբերի 13-ին նույն հոդվածներով նրան առաջադրվել է մեղադրանք: Եվ քանի որ նույն օրը՝ժամը 20:00-ին, լրացել է Գ. Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը, վարույթն իրականացնող մարմնի կողմից վերջինս բաց է թողնվել: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Գ. Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:

Սոցիալական հարթակներում լուրեր էին շրջանառվել այն մասին, որ Գ. Պետրոսյանը ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ տեղի է ունեցել սպանություն՝ նրան Կիևյան կամրջից ցած նետելու կամ այլ միջոցով: Տարատեսակ հնարավոր շահարկումներից խուսափելու համար անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ ըստ մեղադրյալի հարցաքննության արձանագրության՝ հարցաքննությունն ավարտվել է նոյեմբերի 13-ին՝ ժամը 21.00-ին, իսկ ըստ գործով ձեռք բերված տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 22.04-ին:

Գործով առկա է ականատես վկա, որի ցուցմունքների համաձայն՝ նոյեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Կիևյան կամրջի ուղղությամբ զբոսնելիս կամրջի մեջտեղի հատվածում նկատել է, թե ինչպես է նշված անձը միայնակ, բռնվելով դրոշակներից, բարձրացել կամրջի մետաղական արգելապատնեշին և մինչև ինքը կհասցներ հնարավոր վատ հետևանքներից խուսափելու համար ահազանգել 911 հեռախոսահամարին՝ տեսել է, որ նա այլևս այդտեղ չէ: Դրանից անմիջապես հետո, երկու այլ անձանց հետ կամրջի այդ հատվածի արգելապատնեշից տեսել են ներքևում՝ ճանապարհի երթևեկելի գոտում, ընկած անձի, իսկ իրենց կանչով ժամանած իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ դեպքի վայրում համոզվել են, որ դա կամրջի արգելապատնեշին բարձրացած անձն է: Իր ցուցմունքում ականատեսը նշել է նաև, որ այդ անձը եղել է միայնակ և առհասարակ կամրջի այդ հատվածի ամբողջ երկայնքով որևէ այլ անձ չի եղել:

Գրեթե նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել նաև ականատեսի կողմից նշված երկու պատահական անցորդները: Բացի այդ, զննության են ենթարկվել նաև դեպքի օրվա դրությամբ Հալաբյան փողոցի և Կիևյան կամրջի հատվածում գտնվող խաչմերուկում տեղադրված տեսանկարահանող սարքերի տեսագրությունները: Արդյունքում պարզվել է, որ 2020թ. նոյեմբերի 13-ին Գ. Պետրոսյանը միայնակ գնացել է Կիևյան կամուրջ և միայնակ բարձրանալով արգելապատնեշի վրա՝ նետվել է ցած:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող վերոնշյալ գործի շրջանակում որպես մեղադրյալ՝ հարցաքննության ժամանակ իր պաշտպանի ներկայությամբ տված ցուցմունքում Գ. Պետրոսյանը նշել է, որ դեռևս 2010թ. կատարել է ինքնասպանության փորձ՝ դեղահաբեր խմելու միջոցով, որից հետո մինչև 2019թ. հաշվառված է եղել առողջության համապատասխան կենտրոնում, այդ ընթացքում ստացել համապատասխան դեղահաբեր, որոնց ընդունումն ինքնակամ, առանց բժշկի ցուցումի դադարեցրել է 2019թ. հունվարից»:

Հիմա փորձենք բացատրել, թե ինչ է ասում դատախազությունը եւ ինչ է տեղի ունեցել։ Նախ, առնվազն տարօրինակ է, որ մարդուն հարցաքննելիս պարզել եւ արձանագրել են, որ Գ Պետրոսյանը «դեռևս 2010թ. կատարել է ինքնասպանության փորձ՝ դեղահաբեր խմելու միջոցով»։

Դա ի՞նչ կապ ուներ 2020 թ նոյեմբերի 9-ի դեպքերի հետ եւ ինչպես է ստացվել, որ ԱԺ շենք մտնելու հետ կապված հարցաքննության ժամանակ հանկարծ մարդը պատմել է 2010 թվականին ինքնասպանության փորձի մասին։ Իսկ գուցե հատո՞ւկ են այս թեման շոշափել, ո մարդուն «հուշեն» լավագույն ելքը։ Կամ՝ գուցե հետին թվո՞վ են այս փաստը մեջտեղ բերել, որ արդարացնեն ինքնասպանությունը։

Ինչ վերաբերում է կատարվածին եւ սպանության վարկածներին։ Ապա, մեր աղբյուրները պատմում են, որ իսկապես ինքնասպանություն է տեղի ունեցել եւ մարդը հարցաքննությունից անմիջապես հետո (ուշադրություն դարձրեք հարցաքննության ավարտի եւ ինքնասպանության ժամերին) գնացել է Կիեւյան կամուրջ եւ իրեն գցել։ Բայց այստեղ գործ ունենք ինքնասպանության հասցնելու փաստի հետ։ Այդ նույն ժամին ԱԱԾ-ում հարցաքննվող մեկ այլ անձ մեզ պատմեց, որ դաժան հարցաքննության է ենթարկվել Գ․Պետրոսյանը, նրան նվաստացրել են ինչքան ուժ ունեն՝ թքել, վիրավորել, հայհոյել։ Այդ նվաստացումը մի փոքր արժանապատվություն ունեցող մարդը կուլ չէր տա։ Մանավանդ եթե մի փոքր անհավասարակշիռ մարդ է եւ դեպքերի էմոցիոնալ ընկալում ունի։