Lragir.am—ը գրում է. Մենք երախտագիտություն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանը և հատուկ շնորհակալություն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին, Երեւանում հայտարարել է Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը։ Նրա հայտարարությունն ամբողջովին նվիրված է Ռուսաստանին, նրա նախագահի մեծահոգությանը, հոգատարությանը բնակչության ու եկեղեցիների հանդեպ, հայտարարության մեջ նա մի քանի անգամ երախտագիտություն է հայտնում Պուտինին:

Այսպիսով, Արայիկ Հարությունյանը միացավ Նիկոլ Փաշինյանին ու Արմեն Սարգսյանին, ովքեր Լավրովի այցին իրենց երախտագիտությունը հայտնեցին Ռուսաստանին: Լավրովի այցը դրա համար էր՝ Երեւանում Փաշինյանի ու Սարգսյանի մակարդակով ընդունել կապիտուլյացիան, որի համար հայերը պետք է երախտագետ լինեն: Լավրովը դա հատուկ արձանագրեց իր ասուլիսում:

Զուգահեռ Մոսկվայում շարունակվում է ողջ պատասխանատվությունը հայերի վրա տեղափոխելու նպատակային քարոզչությունը: Անձամբ նախագահ Պուտինը մի քանի անգամ արդեն նշել է, որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը, դրա համար էլ այն համարվում է Ադրբեջանի տարածք, իսկ ՀԱՊԿ-ը որեւէ պատասխանատվություն չի կրում Հայաստանի հանդեպ Ղարաբաղի մասով:

Իսկ Ղարաբաղի նախագահի պաշտոնը զբաղեցնողի խորհրդականը Ստեփանակերտում հայտարարել է, որ Արցախի միջազգային ճանաչումը հակասում է Ռուսաստանի շահերին եւ դավադրություն է՝ ուղղված նրա դեմ:

Ըստ ամենայնի, Մոսկվան, որ ըստ տարբեր փորձագետների՝ Թուրքիայի հետ համատեղ մշակել եւ իրականացրել է Լավրովյան ծրագրի իրականացման սեպտեմբերյան պատերազմը, ներկայում պետք է ջանք չխնայի հայերին շահագործելու իր «փրկչի իրավունքը» այլ ուժային կենտրոններից պաշտպանելու համար:

Մոսկվան այսպիսով այլընտրանք չի թողնում Երեւան-Անկարա ուղիղ երկխոսությունից բացի, առանց այդ երկրի՝ ՆԱՏՕ-ին պատկանելու հանգամանքի վրա ուշադրություն դարձնելու: 2020 թ. սեպտեմբերի պատերազմից հետո Հայաստանի համար ՀԱՊԿ գոյություն չունի:

Այս իրավիճակը հայ էլիտաների՝ երեք տասնամյակ քաղաքականության հետնախորշերում մակաբուծելու հետեւանք է, երբ միացումը դարձավ նախ զիջում՝ «փոխզիջում կարգավորման միջոցով» անճարակությամբ, ապա՝ անջատում՝ «հանուն փրկության»՝ առանց որեւէ իրավունքների ու կարգավիճակի: Եվ Հայաստանի ղեկավարները ղարաբաղյան խեղկատակի ձայնակցությամբ երախտագիտություն են հայտնում «փրկչին», Մայր Աթոռում պատերազմի հազարավոր հայ զոհերի հոգեհանգստյան արարողության ֆոնին:

Նյութի աղբյուր՝  https://www.lragir.am/2020/11/23/602090/