Արցախի Հանրապետության անկախությունը չի ճանաչվել նույնիսկ Հայաստանի Հանրապետության կողմից. սա է այսօր Ռուսաստանի Նախագահի գնահատականն ու հիմնավորումը այն մեծ աղետի, որ պատահեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո:

Այո, նույնիսկ Հայաստանի Հանրապետությունը չճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը, մինչդեռ իրեն հայտարարել էր Արցախի անվտանգության երաշխավոր: Սակայն, կյանքի ընթացքը մեզ համար վկա է, որ Հայաստանի իշխանությունները պերմանենտ արտաքին կառավարման տակ էին և ընդունեցին ոչ թե կենսական անհրաժեշտության քայլերը, այլ ինչ որ թելադրվում էր դրսից:

Արցախի Հանրապետությունը դե ֆակտո կայացած պետություն է: Արցախն վերահսկել և իր սահմանադրական տարածքների մեջ է ներգրավել նախկին ԼՂԻՄ-ի տարածքները և 1991-1994 թվականներին Բաքվի կողմից ԼՂԻՄ-ի բնակչության դեմ վարած ցեղասպանական պատերազմի արդյունքում հայերի վերադարձված 7 շրջանները: Վերադարձված, քանզի այդ շրջանները Արցախից պոկվել էին 1921 թվականի հունիսի 6-ից հետո, երբ Արցախը բռնակցվեց Խորհրդային Ադրբեջանին:

Արցախը իր անկախության մասին հայտարարել է 1991 թվականի սեպտեմբերին՝ ԽՍՀՄ գործող օրենքների համաձայն ճիշտ այնպես, ինչպես արել է Խորհրդային Ադրբեջանը: Ավելին, անկախացած Ադրբեջանը իրեն հայտարարել է մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդը, որտեղ ներգրավված չէր ԼՂԻՄ-ը:

1992 թվականի մարտին ԵԱՀԿ-ն ճանաչեց Ադրբեջանի Հանրապետության անկախությունը պայմանով, որ ԵԱՀԿ-ն կորոշի ԼՂԻՄ կարգավիճակը, ինչին իր համաձայնությունը տվեց Ադրբեջանը:

Այսօր Ռուսաստանի նախագահը չի հիշատակում, որ արցախահայությունը մեծագույն հարգանքով Խորհրդային օրենքի հանդեպ` իրացրել է իր ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ իրավունքը, Խորհրդային 1990 թվականի ապրիլի 3-ին ընդունած հատուկ օրենքի համաձայն: Դրա փոխարեն կասկածի տակ է դնում ԽՍՀՄ այս օրենքի իրավաչափությունը, որով անկախացել է հենց Ադրբեջանը և նույնիսկ ինքը՝ Ռուսաստանի Դաշնությունը:

Ռուսաստանի նախագահը չի հիշատակում հարյուր տարի առաջ արցախահայության հանդեպ տեղ գտած բոլշևիկյան հանցանքը, երբ բազում այլ առիթներով ինքը դատապարտել է բոլշևիզմը:

Միջազգային հանրությունը Ռուսաստանին ճանաչել է ԽՍՀՄ-ի շարունակող և իրավահաջորդող պետություն։ Դրա շնորհիվ է, որ Ռուսաստանը շարունակում է միջազգային բոլոր իրավունքների իրականացումը և ԽՍՀՄ միջազգային պարտավորությունների կատարումը, այդ թվում նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակը:

Մենք բազում նամակներ ենք հղել Ռուսաստանի նախագահին, ասենք Բաքվում զնդանված Բաքվից 1990 թվականից փախստական դարձած Մարատի հետ կապված, կամ էլ Մոսկվայում ձմռան կեսին Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականներին հանրակացարանից խաբեությամբ փողոց նետելու հետ կապված: Ու մեր այդ նամակներում հիշեցրել ենք, որ ոչ միայն ԽՍՀՄ իշխանությունները ոտնահարեցին ու չպաշտպանեցին հայ փախստականների կյանքի իրավունքը, որ այսօր այդ փախստականների իրավունքները շարունակական արհամարհված են նաև ԽՍՀՄ իրավահաջորդ ու շարունակող Ռուսաստանի կողմից:

Մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ը մենք` շուրջ 30 000 հայ փախստականներս, բնակվում էինք, այո, մեզ համար ցեղասպանից ազատագրված տարածքներում: Ռուսաստանի Նախագահը հիշեցրեց, որ ԽՍՀՄ-ից պաշտպանություն չստացած հայությունը “զենքը ձեռքն առավ ու ստացվեց այն ինչ ստացվեց”: Այո, այդ տարածքների ազատագրմանը մասնակցեցին բազում փախստականներ Բաքվից ու Սումգայիթից ու Կիրովաբադից և ցեղասպանից ազատագրեցին տարածքներ:

Ռուսաստանը, որպես ՄԱԿ անդամ, անշուշտ, տեղյակ էր, որ համաձայն ՄԱԿ կոնվենցիաների, որոշումների, այդ տարածքների իրավատերը Ադրբեջանական ԽՍՀ-ից ազգությամբ հայ փախստականներն են, որոնց իրավունքները արդեն ոտնահարվել էին ԽՍՀՄ-ում 1987-ին, նաև 1988-ին, 1989-ին, 1990-ին, 1991-ին, այնուհետև դա շարունակվեց 1992-ին, ու դրան գումարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ը: Այսօր ռուսական իշխանությունների զգոն հայացքի տակ Քարվաճառից, Քաշաթաղից, Շուշիից, Մարտակերտից հեռանում են 1987-1992 թվականներին փախստական դարձած հայերը: Այդ հայերի մի հատվածը արդեն զրկված է Հադրութ, Ջրական, Վարանդա, Կովսական, Քաշունիք վերադառնալու հնարավորությունից:

Տեղի ունեցավ ադրբեջանա-թրքական ագրեսիա ահաբեկիչների աջակցությամբ ընդդեմ արցախահայության, ժխտվեց բանակցային գործընթացի հիմնական թեզը, որ կոնֆլիկտը ռազմական լուծում չունի: Բայց Ռուսական իշխանությունները այստեղ չէ, որ փնտրում են այսօրվա աղետի հիմնավորումը, նույնիսկ շրջանցելով Արցախի Հանրապետության իր սահմանադրական տարածքների վրա անկախացման ողջ ուղին, տալիս են միջազգային հանրության իրական գնահատականը, որ այն երկդիմի է, կեղծ, անբարո, կոշտ ուժի գերակայությունը պաշտող ու հովանավորող:

Այսօր էլ, հարյուր տարի անց, արցախահայության կենսատարածքները բռնակցվում են ցեղասպան Ադրբեջանին, միակ հիմնավորումը կոշտ ուժն է:

23.11.2020

Մարիամ Ավագյան, Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող