Lragir.am-ը գրում է. ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն Առավոտին տված հարցազրույցում նշում է, թե հեղափոխությունից հետո իրենց «հող հանձնելու» համար մեղադրող «նախկինները» ուրեմն գիտեին, որ այդ ամենը կոտրվելու էր իրենց (հետհեղափոխական իշխանության) գլխին: Ըստ նրա, նախկինները ձգել են հարցը, հետաձգել պատերազմը:

Հարց է առաջանում, իսկ հետհեղափոխական իշխանությունը չգիտե՞ր, կամ չէ՞ր պատկերացնում այդ վտանգը: Լենա Նազարյանն այդ առնչությամբ ասում է. «Նիկոլ Փաշինյանը պատկերացնում էր: Վարչապետ ընտրվելուց հետո առաջին այցը Ստեփանակերտ էր: Ստեփանակերտի ասուլիսը նորից նայեք, խնդրում եմ: Վարչապետն այնտեղ ասում է, որ մենք պետք է ավելացնենք Արցախի եւ Հայաստանի անվտանգությունը: Այսինքն, իր համար պարզ էր, որ կա՛մ մենք հանձնում ենք այդ 7 շրջանները, կա՛մ պատրաստվում ենք պատերազմի: Եվ վարչապետն անկեղծորեն ինքը չի հավատացել, որ 7 շրջանների հանձնումը առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման, արդար ու շահեկան է մեզ համար»:

Լենա Նազարյանն ի՞նչ է կարծում՝ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը դա համարել են շահեկա՞ն: Հայկական կողմի համար այդօրինակ տրամաբանությունը շահեկան համարել է միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը, 1997-ից ասելով, որ Հայաստանը չի ունենա ավելի շահեկան տարբերակ, ու մինչ այսօր կրկնելով այդ մասին: Այսօր Տեր-Պետրոսյանն ու նրա համակիրները կրկնում են՝ «տեսա՞ք, որ առաջին նախագահը ճիշտ էր»:

Հատկանշական է, որ նույն տրամաբանությամբ այսօր խոսում են երկրորդ եւ երրորդ նախագահների թիմակիցները՝ «տեսա՞ք, որ ճիշտ էինք, երբ ասում էինք, որ Փաշինյանը հող հանձնող» է:

Ամեն ինչ իսկապես կոտրվում է Փաշինյանի գլխին: Ամբողջ հարցն այն է, թե ինչ կար այդ գլխում հեղափոխությամբ իշխանության գալիս՝ Արցախի հարցի վերաբերյալ ինչ պատկերացում, ինչ հեռանկարի կամ սցենարների դիտարկում: Փաշինյանը փորձել է Հայաստանն ու Արցախը դուրս բերել մադրիդյան սկզբունքների եւ տարածքներ խաղաղության դիմաց բանաձեւի ծուղակից: Ընդ որում, այդ տրամաբանությունը բխում էր Հայաստանի շահից, որովհետեւ դա հենց պատերազմ տանող ծուղակն էր:

Այլ հարց է, որ չստացվեց լուծել այդ խնդիրը, մի շարք պատճառներով: Բայց այդտեղ առաջանում է հարց, թե մանեւրի ինչ տեղ էր թողել իր համար Նիկոլ Փաշինյանը: Լենա Նազարյանը նշում է, որ նախկինները «հող հանձնելու» մեղադրանքով իրենց զրկել էին Արցախի հարցում ճկունությունից: Նա իրավացի է որոշակիորեն, եւ պետք չէ բացառել, որ դա եղել է մեծ խաղի մի մաս՝ նորերով եւ նախկիններով, որ խաղարկվել է Հայաստանի դեմ՝ հետանկախական շրջանի բացառիկ անարյուն շրջադարձի հնարավոր ինքնիշխան էֆեկտը չեզոքացնելու համար:

Ու դա ստացվել է: Բայց ասել, թե ստացվել է առավելապես նախկինների մեղադրանքների պատճառով, ոչ թե անարդարացիության, այլ քաղաքական անհամարժեքության դրսեւորում կլինի: Որովհետեւ, դա կարող էր բարդ նկատելի կամ նշմարելի մեխանիզմ լինել մարդկանց համար, որոնք չէին տիրապետում կոնֆիդենցիալ տեղեկատվության, բայց ոչ մարդկանց համար, որոնք այդ տեղեկատվության առաջնագծում էին եւ քաղաքական պատասխանատվության բարձրագույն կետում:

Դա այն դեպքում, երբ անգամ ոչ կոնֆիդենցիալ աչքով տեսանելի էր դառնում շատ բան, եւ հուշվում էր շատ բան, որ Հայաստանի հետհեղափոխական գլխավոր խնդիրը նախկին իշխանությունն ու «հեղաշրջման փորձերը» չեն, այլ Արցախի հարցի հետ կապված մարտահրավերները: Հայաստանում դրա առաջ է կանգնած եղել երեք նախագահ, որոնք երեքն էլ գործնականում դիտարկել են իշխանության հանձնման մեխանիզմը՝ որպես շահեկան տարբերակի բացակայության պարագայում ժամանակ ձգելու հնարավորություն:

Նիկոլ Փաշինյանը պատերազմի առաջին օրը հայտարարել է, որ չի եղել այլեւս ժամանակ ձգելու ռեսուրս: Բայց ստեղծված վիճակում առանցքային հարց է՝ իսկ անհրաժեշտության դեպքում իշխանություն հանձնելու ռեսուրս եղե՞լ է, թե ոչ: Կարո՞ղ էր Նիկոլ Փաշինյանը պատերազմից խուսափելու կամ այն հնարավորինս արագ կանգնեցնելու համար դիմել այդ ռեսուրսի: Եթե ոչ, ապա ինչու: Ինչու՞ է ի տարբերություն նախորդ երեքի, ժամանակ շահելու կամ ձգելու այդպիսի ռեսուրսից զրկված վիճակում հայտնվել Հայաստանի չորրորդ առաջին դեմքը, ինչ պատճառով: Հայաստանի հետհեղափոխական քաղաքական ղեկավարությունը, եւ ընդհանրապես Արցախի հարցի պարագայում Հայաստանի որեւէ քաղաքական ղեկավարություն չուներ այդ հարցն իր գլխում չդիտարկելու հնարավորություն, որպեսզի առավելագույնս խուսափեր ամեն ինչ իր գլխին կոտրելու վտանգից:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2020/11/24/602543/