Lragir.am-ը գրում է. Թուրքիայի նախագահ Էրդողանը ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ղարաբաղում զինադադարի վերահսկման համատեղ կենտրոնի ստեղծման հարցը եւ ասել, որ պետք է արագացնել դրա աշխատանքը, ըստ ՌԻԱ նովոստիի՝ տեղեկացնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։

Ըստ հաղորդագրության, Էրդողանը նշել է, որ Ադրբեջանի համար իր տարածքի լիակատար վերադարձը զգայուն հարց է եւ «համաձայնագրի իրականացման գործընթացում հայկական կողմը չպետք է խուսափի իր պարտավորություններից»։ Էրդողանն ասել է նաեւ, թե հնարավոր չէ հասկանալ, թե ինչու են Մինսկի խմբի մյուս համանախագահները քննադատում խաղաղ ջանքերը։

Մինսկի խմբի մյուս համանախագահները ԱՄՆ-ն ու Ֆրանսիան են, որոնք Ռուսաստանից պարզաբանումներ են պահանջել եռակողմ համաձայնության, դրա հետեւանքների ու Թուրքիայի դերի մասին։ Բացի այդ, այդ երկրների խորհրդարաններ մուտք են արվել Ղարաբաղի ճանաչման բանաձեւեր, Ֆրանսիայի Սենատում վաղը քվեարկություն է տեղի ունենալու։

«Ֆրանսիայի դիրքորոշումն, ընդհանուր առմամբ, ես հարգում եմ, բայց դա այլընտրանք չէ այն ամենին, ինչ իրականացվում է, այն է՝ եռակողմ համաձայնագիրը, որը նախատեսում է շրջանների հանձնում Ադրբեջանին եւ այնտեղ նշված այլ կետերը», հայտարարել է Լազարեւսկի կոմիտեի նախագահ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

Երեւանին պարտադրված եռակողմ համաձայնագիրը միջազգայնորեն լեգիտիմ չէ, առավել եւս Մինսկի խմբի մանդատի եւ կարգավիճակի պարտադիր ուժի պայմաններում։

Մոսկվան համաձայնագրի ողջ մեղքը փորձում է բարդել Երեւանի վրա, միաժամանակ փորձելով հավասարակշռել Մինսկի խմբի եւ Թուրքիայի հանդեպ պարտավորությունների արանքում, իսկ Պուտինը խոսում է «երկու ժողովուրդների շահերը հաշվի առնող» լուծման մասին, կարգավիճակի մասին անորոշ դատողություններով։

Էրդողանը փաստացի շտապեցնում է Պուտինին, ընդգծելով, որ համաձայնագրի նպատակը Ղարաբաղի լիակատար հանձնումն է Ադրբեջանին։ Նա «հուշում է», որ այս ընթացքը կարող է կանգնեցնել Երեւանը, Պուտինին ակնարկելով իր պարտավորությունների մասին։

Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի վերաբերյալ Կրեմլի կայքում ի թիվ այլ հարցերի նշվում է, որ կողմերը քննարկել են եռակողմ համաձայնագրի կատարման ընթացքը, զինադադարի վերահսկման համատեղ կենտրոնի ստեղծման աշխատանքները եւ կայունությանն ուղղված որոշումների հետեւողական կատարման անհրաժեշտությունը։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2020/11/25/602740/