Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել գեներալ Սեյրան Օհանյանի նկատմամբ: Հայտնի է դարձել նաեւ, որ ադրբեջանցիները «Խոջալուի ցեղասպանության» մասնակից են կարգել Շուշիի 80-ամյա բնակիչ Ջոնիկ Թեւոսյանին, որը գերեվարվել է քաղաքի անկման հետեւանքով: Բաքուն նրան դիտարկում է ոչ թե գերի, այլ «հանցագործ»:

Ադրբեջանի դեպքում այդ ամենը զարմանալի չէ, ադրբեջանցիները անցնող մոտ երեք տասնամյակի ընթացքում հայերին երբեք չեն տվել որեւէ արժանապատիվ դիմակայության ակնկալիք ունենալու հիմք: Լիուլի են հակառակի հիմքերը:

Միեւնույն ժամանակ, Բաքուն գործնականում շարունակում է դիմակայությունն արդեն նոյեմբերի 9-ին հաջորդած նոր փուլում, իրեն բնորոշ անմարդկային, վանդալ ոճով:

Ինչ ոճով եւ ինչպես է նոյեմբերի 9-ից հետո պայքարը շարունակում Հայաստանը, եթե իհարկե շարունակում է: Որովհետեւ կան բավական հիմքեր եզրակացնելու կամ անգամ պնդելու, որ Հայաստանը գործնականում ունակ չէ ոչնչի, եթե հայտարարվում է, որ նոյեմբերի 9-ը «փրկել է» ամեն ինչի կորստից: Ու քանի որ «փրկել է» ռուսական միջնորդությունը՝ դրա բազմաշերտ եւ հակասական մանրամասնությունների մեջ չմտնելով, ռուսական միջնորդությունն էլ ստացել է հետագա գործողությունների հայկական մանդատը:

Ըստ այդմ, դե ֆակտո խոսք կարող է գնալ՝ Ռուսաստանը պայքարու՞մ է Հայաստանի փոխարեն, թե ոչ: Մյուս կողմից՝ իսկ ինչու՞ պետք է պայքարի Հայաստանի փոխարեն: Ռուսաստանն անելու է այն, ինչ անհրաժեշտ կամ հնարավոր է դիտարկելու իր շահի տեսանկյունից: Եթե դա համընկնի Հայաստանի եւ Արցախի մնացած շահին, ապա՝ կշահենք, իսկ եթե ոչ, ապա հարցն այլ է. ինչպես է վերադառնալու Հայաստանի քաղաքական-դիվանագիտական պայքարի մանդատը:

Մյուս կողմից, մինչ հայաստանյան ներքաղաքական եւ իշխանական դասը փոխադարձ մեղադրանքներով փորձում են լուծել միմյանց նկատմամբ դիրքային խնդիրներ, Հայաստանն արդեն արձանագրում է դիրքային կորուստներ նաեւ քաղաքական-դիվանագիտական դաշտում:

Սեյրան Օհանյանին հետախուզում հայտարարելը կամ դժբախտ ծերունուն «Խոջալուի ցեղասպանության» «մասնակից» հռչակելը Հայաստանի քաղաքական-դիվանագիտական կորուստ է: Կա՞ դրա համար պատասխանատու կառույց, կամ մարդ, էլ չասած «դիրքը» վերականգնելու:

Ընդ որում, գեներալ Օհանյանի հանդեպ հետախուզումն ունի թերեւս շատ խորհրդանշական ասպեկտ՝ նոյեմբերի 9-ի եւ դրանից հետո ստեղծված իրադրության համատեքստում: Բանն այն է, որ գեներալ Օհանյանը կարծես թե ներգրավված էր Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունների ղեկավարման գործընթացում: Շուշին՝ 44-օրյա պատերազմի առեղծվածային ուղղություններից մեկը:

Ինչու՞ է «միջազգային հետախուզման» թուրը կախվում գեներալ Օհանյանի գլխին: Հազիվ թե դա անհրաժեշտ լիներ միայն Ադրբեջանին: Էլ ու՞մ է անհրաժեշտ գեներալին դնել այդպիսի հոգեբանական եւ ֆիզիկական մամլիչի տակ: Հայաստանը կարո՞ղ է գեներալից անհապաղ հեռացնել այդ մամլիչը:

Սղբյուր՝ https://www.lragir.am/