Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի եռակողմ համաձայնագիրը Հայաստանին փաստացի զրկել է Արցախի համար քաղաքական պատասխանատվությունից։ Թուրքիայի նախագահ Էրդողանը բացահայտ ասում է, որ Ղարաբաղի ճակատագիրն այսուհետ որոշելու են Թուրքիան, Ռուսաստանն ու Ադրբեջանը։

1989 թվականի դեկտեմբերի 1-ին ԼՂԻՄ եւ Հայաստանի Գերագույն խորհուրդները միավորման որոշում են կայացրել, որն անմիջապես մոռացվել է։ 31 տարվա ընթացքում Հայաստանն ու Արցախն այդպես էլ չեն անդրադարձել այդ որոշմանը, եւ հիմա՝ 2020 թվականի արյունալի պատերազմից հետո, այդ գաղափարը կարող է վերջնականապես մոռացվել։

Պատերազմից հետո երկու զուգահեռ գործընթաց է տեղի ունենում ղարաբաղյան «կարգավորման» գործում։ Ռուսաստանն ու Թուրքիան բաժանել են Արցախի տարածքն ու իրենց ռազմական ներկայությունը հաստատել տարածաշրջանում, իսկ Ֆրանսիան փորձում է ակտուալացնել կարգավիճակի հարցը։

Երկու գործընթացներում էլ բացակայում է Հայաստանը, որի մասնակցությունն Արցախի կյանքում այսուհետ սահմանափակվելու է մարդասիրական օգնությամբ, ինչպես օրինակ, սիրիահայերին, եւ Հայաստան հիմնադրամի միջոցներով գումարների հավաքմամբ։ Նիկոլ Փաշինյանն էլ ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է, որ հայ հանրությունը, չնայած դժգոհ է պատերազմի արդյունքներից, բայց չի վիճարկում եռակողմ համաձայնագիրը։

Այս պայմաններում ինչպե՞ս պետք է լուծվի Արցախի կարգավիճակի հարցը։ Կա երկու ճանապարհ՝ կամ Արցախը մնում է պաշտոնապես Ադրբեջանին պատկանող տարածք, բայց ռուսական զորքի ներկայությամբ, կամ էլ Արցախի անկախությունը ճանաչվում է։

2020 թվականի պատերազմից հետո հայկական բանակին ժամանակ է պետք մարտունակության վերականգնման համար, եւ պատահական չէ, որ Արցախում ավելի հաճախ են սկսել խոսել, որ հնարավոր է, ստիպված լինեն օգնության դիմել երրորդ երկրների։

Ներկայիս անհասկանալի կարգավիճակով, երբ, Պուտինի խոսքով, Ղարաբաղը «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք է», Ռուսաստանի համար դժվարանում է Ղարաբաղն ընդգրկել իր կազմում կամ պահել ռազմական ներկայությունը, եթե նրա անկախությունը չճանաչվի։ Ահա թե ինչու է Պուտինը «նախատել» Հայաստանին, որ Երեւանը չի ճանաչում Արցախը։

Արցախը կարող է «սփյուռք» դառնալ, եթե Հայաստանը չօգտվի պահից ու չընդունի ակտ, որը կհաստատի նրա քաղաքական պատասխանատվությունը եւ Ղարաբաղի ճակատագիրը որոշելու իրավունքը։ Դա կարող է լինել վերամիավորման 30 տարվա որոշումը, անվտանգության պաշտպանության մասին համաձայնագրի ստորագրումը կամ էլ մեկ այլ բան։ Բայց եթե Հայաստանը բաց թողնի պահը, հետո արդեն ուշ կլինի։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2020/11/26/603112/