Lragir.am-ը գրում է. Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Արցախում խաղաղության երաշխավոր են Թուրքիան, Ռուսաստանն ու Ադրբեջանը: Այդ հայտարարությունն արվել է Ֆրանսիայի Սենատում Արցախի ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձեւի քվեարկությունից առաջ, որպես շանտաժ, այն իմաստով, որ Ֆրանսիան չփորձի իր քաղաքական որոշումով ազդել իրավիճակի վրա եւ կոտրել այն տրամաբանությունը, որ պարտադրվել է Արցախի դեմ պատերազմով:

Անկարան եւ Բաքուն ունեն լուրջ մտավախություն, որ եռակողմ համաձայնագրից Ֆրանսիայի եւ ԱՄՆ դժգոհությունը ջերմացնում է Մոսկվային, որը ստացավ ռազմական ներկայություն Արցախում, հայկական կյանքերի եւ տարածքների հաշվին:

Ռուսաստանը կփորձի առավելագույնը ստանալ Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի աշխուժությունից, որոնք դնում են Թուրքիայի դերի վերաբերյալ պարզաբանումների, ինչպես նաեւ Արցախի կարգավիճակի հարց: Էրդողանն ըստ ամենայնի կասկած ունի, որ Պուտինը այժմ կարող է անել այն, ինչ մինչեւ հիմա արել է ինքը Էրդողանը՝ խաղալ Արեւմուտքի եւ Թուրքիայի միջեւ: Էրդողանը խաղում էր Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ:

Էրդողանը սպառնում է, որ կարող է վերստին ապակայունացնել իրավիճակը: Չի բացառվում, որ Թուրքիան փորձ կանի սրել իրավիճակը Ուկրաինայում, եւ հաջողելու պարագայում այն «վաճառել» հավասարապես թե Ռուսաստանի, թե Արեւմուտքը վրա: Այլ կերպ ասած, եթե Արցախի հարցում Պուտինին հաջողվում է մտնել իր եւ Արեւմուտքի արանքը, Էրդողանը կարող է դիտարկել Ուկրաինայի ուղղությամբ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հայտնվելը, որպես պատասխան:

Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարել է, թե չեն կարծում, որ Դոնբասի ուղղությամբ կարող են լինել սրացումներ եւ Ղարաբաղից հետո նոր ճակատ: Հետաքրքիր է, իսկ Ղարաբաղի ուղղությամբ կարծու՞մ էին:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2020/11/26/603097/