Lragir.am-ը գրում է. Հայաստանը մտել է քաղաքական ու տնտեսական խոր ճգնաժամի մեջ, վարչապետը ներկայացրել է 6-ամսյա կտրվածքով ինչ որ ճանապարհային քարտեզ, որն ավելի շատ թվում է ժամանակ ձգելու նպատակ ունի եւ հեռու է իրականանալի լինելուց: Խնդիրը շատ ավելի խորն է եւ կապված է թե կառավարության անարդյունավետության, թե հանրային լեգիտիմության փլուզման եւ հանրային ներկայիս մթնոլորտի հետ:

Լեգիտիմությունը միայն ընտրություններում ստացած քվեն չէ եւ ոչ էլ այն, թե որքան մարդ է փողոցներ դուրս գալիս, ինչին հղում էր անում վարչապետը ռուսական ՏԱՍՍ-ին իր հարցազրույցում: Լեգիտիմությունը գոյանում է բազմաթիվ տարրերից, որոնցից են հանրային վստահությունը, հանրության՝ սեփական պետության հետ անվտանգային, սոցիալական ու տնտեսական բարեկեցության հեռանկարներ կապելը եւ այլն: Բացի այդ, ցանկացած միջոցառում իրագործելի է հանրային հավանությամբ ու մասնակցայնությամբ:

Այս ամենը բացակայում է, մնում է չոր քվեն, որն այս պայմաններում ավելի շատ հակափաստարկ է, քան իշխանության մնալու հիմնավորում: Բացի այդ, վերը նշված պատճառների ուժով պետական ինստիտուտները չեն աշխատում եւ կարելի է ասել՝ կաթվածահար լինելու շեմին են, լոկալ մակարդակով խնդիրների կարգավորումը չի կարող լուծել այս խնդիրը: Առավել եւս այն պարագային, որ ներկայիս իշխանությունը հեռու է համակարգային լուծումների տրամաբանությունից ու պատկերացումներից:

Այս պայմաններում միակ կառույցը, որը կարող է գործնական քայլեր իրականացնել ճգնաժամը կանգնեցնելու եւ անհրաժեշտ փոփոխություններ անելու, ներքին զարգացումների սահմանադրական ընթացքը պահելու ուղղությամբ, Ազգային ժողովն է, առավել եւս, որ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է, եւ ԱԺ-ն ունի միակ ու բացառիկ մանդատը:

Խորհրդարանի իշխանական մեծամասնությունն իր որակներով չի ձգում հանրային-պետական հիմնարար խնդիրներին, համարժեք չէ դրանց եւ չի իրացնում խորհրդարանի դերից բխող գործունեություն: Այս ընթացքում մեծամասնությունն, օրինակ, տապալել է նոյեմբերի 9-ի փաստաթղթի որեւէ քննարկում, չի անդրադառնում դրա իրականացման գործընթացին, փորձելով օգտագործել դրանում առկա հնարավորությունները Հայաստանի ու Արցախի անվտանգային խնդիրները բարելավելու համար, ինքնակամ հրաժարվելով իր պատասխանատվությունից ու լծակներից: Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դեռ կապիտուլյացիա չէ, կապիտուլյացիան այն է, երբ Հայաստանի պետությունը վերածվում է իրավունքներից ու պատասխանատվությունից զուրկ ամորֆ ինչ որ գոյացության:

Ազգային ժողովի մեծամասնությունն այդ ճանապարհին է, որը մեծագույն հանցագործությունն է: Դրանից խուսափելու համար այդ մեծամասնությունը, կամ դրանում քիչ թե շատ համարժեք պատգամավորները պետք է շտապ դնեն այդ հարցերը եւ փորձեն կանգնեցնել այս խիստ վտանգավոր ընթացքը, ցուցաբերելով հանրության ու քաղաքական դասի հետ երկխոսության պատրաստակամություն ու կոնկրետ քայլեր՝ իրական փոփոխություններ կատարելու, հանրությանն այս ծանր շրջանում մոտիվացիա տալու, երկրում նաեւ այդ մեծամասնության ջանքերով ձեւավորված պարտվողական ու ատելության նողկալի մթնոլորտը ցրելու համար: Դա ճգնաժամից դուրս գալու ճանապարհներ կբացի: Այդ դեպքում միայն կարող է կազմվել իրական ճանապարհային քարտեզ, որը կարող է իրացնել նոր կառավարությունը:

Իրականությունը դա է, իրականությունն անտեսելը հանգեցնելու է անդառնալի երույթների թե հանրային-պետական, թե անհատական մակարդակներում, դեռ շարունակվող հանրային շոկը պետք չէ շփոթել համակերպվածության հետ՝ պասիվ «սաբոտաժը» ավելի վտանգավոր երեւույթ է: Ազգային ժողովի իշխանական մեծամասնությունը բացարձակ պատասխանատվություն է կրում այս իրավիճակի համար: Ժամանակը սպառվում է:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2020/11/26/603122/