ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ անդրադարձել է նաեւ ղարաբաղյան իրադրությանը եւ արձանագրել, որ ռազմական գործողություններն ամբողջովին դադարեցված են, իրավիճակը, ընդհանուր առմամբ, կայուն է, փախստականները եւ տեղահանվածները վերադառնում են իրենց բնակավայրերը, կյանքն աստիճանաբար վերադառնում է բնականոն հուն, գործում է հումանիտար արձագանքման կենտրոնը, եւ կարեւոր է, որ միջազգային կառույցներն ու կազմակերպությունները ներգրավվեն հումանիտար խնդիրների կարգավորման գործողություններում։ Այլ կերպ ասած՝ խաղաղությունը վերականգնված է, եւ դրա երաշխավորը ռուս խաղաղապահներն են, գլոբալ ասած՝ ռուսական ներկայությունը։ Ավելի պարզ՝ պատերազմի կամ դրա սպառնալիքի վտանգ այս պահին այլեւս չկա։

Սրան զուգահեռ, այսօր ՀՀ ԱԺ-ում քննարկվելու է հարցը՝ արժե՞ վերացնել ռազմական դրությունը Հայաստանում, թե՞ ոչ։ Հավանաբար, ընթերցողը կհիշի, որ, պայմանավորված կորոնավիրուսային համավարակով, արտակարգ դրության ժամանակ արդեն ունեցել ենք մի իրավիճակ, երբ գործող իշխանությունն արտակարգ դրության ռեժիմը փորձել է ծառայեցնել սեփական շահերին։

Հիշենք թեկուզ մամուլի դեմ ճնշումներն այդ ժամանակ, որոնք մեղմվեցին, երբ միջազգային ճնշում եղավ։ Գրեթե նույն իրավիճակն է նաեւ հիմա։ Հիմա, եթե, օրինակ, այսօր «Իմ քայլում» որոշեն, որ ռազմական դրության ռեժիմը պետք է պահպանվի, ապա դրանով առնվազն ցույց կտան, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գործող իշխանությունը կա՛մ չի վստահում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ ռուս խաղաղապահներին, կա՛մ պատերազմի վերսկսման, նոր պատերազմի բռնկման սպասում ունի, եւ փորձում են ինչ-որ քայլեր անել այդ ուղղությամբ։ Երկու դեպքում էլ թե՛ հայաստանյան հասարակությանը եւ թե՛ Ռուսաստանին պարզաբանելիք մեծ ծավալի հարցեր են առաջանում, որովհետեւ չվստահել Պուտինին եւ ռուսական խաղաղարար ջանքերին, նույնն է, թե մերժել դրանք, իսկ մերժելով, ըստ Պուտինի, պատերազմը վերսկսել է նշանակում, որը Հայաստանի համար կարող է նշանակել ինքնասպանություն, կամ եթե իրոք նոր պատերազմի սպասում կա, ապա պետք է գոնե նախորդ պատերազմի «արծրունհովհաննիսյանական դասերը» քաղած լինեն եւ երկրորդ անգամ նույն «ղալաթը» չանեն։

Եվ նաեւ պետք է հաշվի առնել, որ ռազմական դրության ռեժիմը սեփական շահերին երկար ծառայեցնել հնարավոր չի լինի, քանի որ միջազգային կառույցների համար էլ կդառնա անհասկանալի, թե ինչպես է, որ Արցախում իրենք հումանիտար ծրագրեր են իրականացնում՝ ռուսների օգնությամբ, առանց վտանգի, իսկ Հայաստանում դեռ ռազմական դրություն է։

Աղբյուր՝ https://hraparak.am/post/e76d093282b27045ad5f5615ef68b2fc