«Մենք մշտական կապի մեջ ենք մեր զինծառայողների հարազատների հետ, ստանում ենք տարբեր ահազանգեր, մեսիջներ՝ այս պահին ծառայության մեջ գտնվող զինծառայողների առողջության, հանգստի, հիգիենայի և ապահով կացության վերաբերյալ»,- ասացին ՊՆ-ի դիմաց բողոքի ցույց անող ժամկետային զինծառայողների հարազատների խնդիրները ներկայացնող նախաձեռնության անդամները։

Նրանք նշեցին, որ առանձնացրել են մի քանի գրավոր կետեր, որոնք պետք է ներկայացնեն ՊՆ ղեկավարներին։

«Հասկանալի է՝ պատերազմից հետո շատ կեցավայրեր ռմբակոծված են, բայց 16-17 օրը բավական մեծ ժամանակ էր՝ զբաղվելու տարրական պայմաններ ստեղծելով»,-ասացին նրանք՝ նշելով, որ զինվորները քնում են գետնին, առանց վերմակի։

Նախաձեռնությունն ահազանգ է ստանում նաև, որ շատ զինվորներ ունեն թեթև վիրավորում, որոնք բժշկական աջակցություն չեն ստանում. «Պահանջում ենք պատշաճ վերաբերմունք հայրենիքը պաշտպանած հայ զինվորի հանդեպ»: